Գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգոնոսֆերային կենտրոնը տարիներ շարունակ հետազոտություններ է իրականացրել հանքարդյունաբերական շրջաններում՝ ուսումնասիրելով հողից սննդի միջոցով մարդկանց փոխանցվող վնասակար նյութերի ողջ դիապազոնը:
Analitik.am-ի հետ զրույցում Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը նշեց, որ ուսումնասիրել են Լոռու մարզը, մասնավորապես Ալավերդու տարածաշրջանը և պարզել, որ բուսատեսակների մեջ առկա է ծանր մետաղների թույլատրելի սահմանաչափերի գերազանցում:
«Հետազոտությունները ցույց տվեցին, որ ազգաբնակչության մոտ սննդակարգով պայմանավորված կան ինչպես քաղցկեղածին, այնպես էլ ոչ քաղցկեղածին ռիսկեր: Նմուշառում ենք իրականացրել մրգերից և բացահայտել, որ այդ տարածքների պտուղներում ծանր մետաղներն անցնում են սահմանային թույլատրելի չափաքանակները»,-ասաց նա՝ հավելելով, որ բացի բուսատեսակներից, կա նաև գետերի, օդի, ջրի, շրջակա միջավայրի խնդիրը:
Ըստ Պիպոյանի, մարդկանց առողջության և հանքարդյունաբերության ուղիղ կապը որևէ տարրով հնարավոր չէ պայմանավորել, ինչը հնարավոր է ասել մանրէային թունավորումների դեպքում:
«Երբ մարդը հիվանդանում է սալմոնելայով կարող ես ասել, որ սալմոնելոզ է: Ոչ վարակիչ հիվանդությունների դեպքում քիմիական վտանգները բազմաթիվ են»,-ասաց նա՝ նշելով, որ ցավոք չկա այնքան ֆինանսական միջոցներ, որ հնարավոր լինի համապարփակ ու ամբողջական հետազոտություն իրականացնել՝ պարզելու մարդկանց վրա ծանր մետաղների, օրգանական աղտոտիչների կամ այլ վտանգավոր նյութերի ազդեցության աստիճանը:
Նա նաև նշեց, որ կոմպլեքս աշխատանք պետք է իրականացվի և պարզվի՝ կախված ծանր մետաղների դոզաներից, որ տարրն ինչ ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա:
Գիտնականը նաև նկատեց, որ մարդը միայն սնունդ չի օգտագործում. սնունդ, ջուր, օդ և համապարփակ ռիսկի գնահատումը կատարվում է նրա համար, որ կարողանան ամբողջական պատկեր ստանալ:
«Միայն մեկ գործոնով որևէ եզրահանգումը չի կարող լինել օբյեկտիվ և կարող ես ընդամենն ասել՝ արդյոք ռիսկ կա, թե չէ: Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ սննդով պայմանավորված ռիսկերն առկա են, իսկ հիվանդությունների և քաղցկեղի միջև կապը ստեղծելու համար պետք է առաջնորդվել համապարփակ ռիսկի գնահատման մեթոդաբանությամբ՝ համադրելով այլ գործոններ ևս»,-ասաց Պիպոյանը:
Հարցին՝ արդյո՞ք հանքարդյունաբերական շրջաններում հետազոտությունները որոշակի նպատակներ են հետապնդում ու թիրախներ ունեն, Պիպոյանն ասաց, որ գիտական էթիկայի նորմերով պահանջվում է շեշտել, թե որն է հետազոտության ֆինանսական աղբյուրները, որպեսզի բացառվի շահերի բախումը՝ ֆինանսական աղբյուրով պայմանավորված:
«Մենք կամայական հետազոտություն անում ենք, մեզնից հետո կարող են վերցնել և կրկնել: Ոլորտին վերաբերող ցանկացած կամայական հետազոտություն՝ նայելով թվերին, կարող եմ ասել, թե որքանով է օբյեկտիվ իրականացված այդ աշխատանքը»,-ասաց սննդագիտության դոկտորը:
Գոհար Ստեփանյան