Շուրջ մեկ ամիս է, որ Արարատի մարզի Հովտաշեն գյուղի հարակից տարածքում բնադրող արագիլների մոտ նկատվեց յուղոտման և աղտոտման խնդիրը: Մինչ այսօր բնապահպանները, բնապահպանական կազմակերպությունները փորձում են լողացնելով փրկել արագիլներին, քանի որ թռչունենրը հյուծված են, դժվարությամբ են կեր հայթայթում և չեն կարողանում թռչել՝ փետուրները յուղոտված են: Նման էկոլոգիական խնդիր դեռևս Հայաստանում չի գրանցվել. էկոլոգիական աղետի է ենթարկված շուրջ 100 արագիլ:
«3 տարի առաջ ենք այդ ջրանցքը մաքրել, ջրերի մեջ հավաքված աղբը մեկ օրվա բան չէ, քիչ-քիչ լցրել են և կամաց-կամաց դարձել է մեծ խնդիր»,-Analitik.am-ի հետ զրույցում ասաց Սիս համայնքի ղեկավար Հայկ Մելքոնյանը:
Նշենք, որ Սիս համայնքը գտնվում է Հովտաշենից ոչ հեռու և հենց այստեղ ձկնաբուծարանները կան, իսկ այս գյուղի տարածքով է անցնում Սիսի ջրանցքը, որը հասնում է Հովտաշեն գյուղ:
Համայնքապետը նաև նշեց, որ պատահել է տեսել են, թե ինչպես են աղբը լցնում ջրանցքի մեջ, մասնավորապես՝ խոզի փորոտիքը, հարկադրել են հանել ջրից, սակայն մաքրման արդյունքում պարզվել է, որ ջրանցքում հավաքված աղբի մեջ մեծ տոկոս է կազմում խոզի փորոտիքը՝ պարկերի մեջ:
Սիսի համայնքապետը փոխանցեց, որ Սիս գյուղում մեծ քանակությամբ խոզ չեն պահում, խոզապահությունը մեծ տարածում չունի, հիմնականում տարբեր վայրերից են բերում նետում ջուրն ու արագ հեռանում:
«Ավելի հեշտ է ջրի մեջ գցելը, քան հողը փորել, փորոտիքը հորելը»,- ասաց նա:
Ըստ Հ. Մելքոնյանի, Սիս գյուղում այդքան շատ արագիլներ չկան, ինչպես՝ Հովտաշենի տարածքում, գյուղում բռնել են մեկ կեղտոտված արագիլ և հանձնել Հովտաշենում աշխատող կամավոր-բնապահպանների, որ մաքրեն:
Ինչ վերաբերում է Սիս գյուղի տարածքում աշխատող ձկնաբուծարաններին, Մելքոնյանն ասաց, որ համայնքի տարածքում գործում են թե՛ մեծ, թե՛ փոքր ձկնաբուծարաններ. փոքր տնտեսությունները հիմնականում նման թափոններ չեն ունենում, մեծ ձկնաբուծարաններն արտահանման համար մորթ կազմակերպում են, իսկ թե կոնկրետ որտեղ են կազմակերպում՝ տեղյակ չէր: Վստահեցրեց, որ ոչ միշտ են հենց ձկնաբուծարանի տարածքում մորթ անում, հատուկ տարածքներ կան մորթի համար:
Նշենք, որ Analitik.am-ի տվյալներով Սիսից ոչ հեռու գտնվող Սիփանիկ համայքնում գործում է հատուկ ձկների սպանդանոց, որտեղ և կազմակերպում են ձկների մեծ մորթը, իսկ թե որտեղից են թափոնները հայտնվում Սիսի ջրանցքը, կպարզի ուսումնասիրությունը:
Սիսի համայնքապետը նաև տեղեկացրեց, որ գյուղում տեղադրված են աղբամաններ, խիստ են մաքրության նկատմամբ, իսկ արագիլների հետ կապված դեպքից հետո մաքրության հսկողությունն ավելի կխստացնեն, որ համայնքի տարածքով անցնող ջրատարի մեջ կենդանական և այլ տեսակի աղբ չնետեն:
«Մենք մեզանից պետք է սկսենք, որ մի բան փոխենք»,- շեշտեց Հայկ Մելքոնյանը:
Հավելենք, որ Analitik.am-ի տվյալներով, ամիսներ առաջ Հովտաշենից ոչ հեռու անկած խոզերի կույտ էր գոյացել, ինչպիսին կար Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում, իսկ թե ինչ եղավ խոզերի կույտի հետ, ինչով էին վարակված խոզերը, որևէ տեղեկություն չկա:
Արարատի մարզի նախկին անասնաբույժներից մեկն ասաց, որ 2018 թ-ի ձմռանն Արարատի մարզում խոզերի աֆրիկյան ժանտախտի դեպք է եղել, որին ինքն ականատես է եղել, իսկ ինչպես գիտենք, աֆրիկյան ժանտախտի դեպքում խոզերին պետք է ենթարկել հարկադիր մորթի և հողով ծածկել:
Կասկածներ կան, որ Հովտաշենի ճանապարհին նետած անկած խոզերն աֆրիկյան ժանտախտով են վարակված եղել, և նման անփույթ վերաբերմունքն արդեն էկոլոգիական աղետ է:
Գոհար Ստեփանյան