0038 հրամանի մեջ չկա որևէ բան, որի համար կարելի էր քրեական պատասխանատվության ենթարկել, կամ՝ նույնիսկ ամաչել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ այդ հրամանի մասով հանրությանը մոլորության մեջ են գցել:
Ալումյանի խոսքերով, 0038 հրամանի մեջ որևէ վատ բան չկա, երբ հանրությունը դրա հետ ծանոթանա, կհամոզվի դրանում:
Պաշտպանը վստահեցրեց, որ ՀՔԾ-ն բացի 0038-ն աղավաղելը, նաև այլ խախտումներ է արել, որոնք ավելի մեծ են. «Հրամանում որևէ բան չկա ասված բանակի ներգրավվածության մասին»:
Ալումյանը խոսեց նաև մարտի 1-ի 10 զոհերի մասին՝ հայտարարելով, թե իրենք ցանկանում են, որ այդ հանգամանքները բացահայտվեն, սակայն ինքը մինչև հիմա չի տեսնում, որ ՀՔԾ-ն այդ մասով լուրջ քննություն իրականացնի. «Երկու կողմից էլ զինված մարդիկ եղել են, մի կողմից ոստիկանություն, մյուս կողմից՝ ցուցարարներ և խռովարարներ: Նաև խռովարարներ են եղել: Երբ ես լսում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ալեքսանդր Արզումանյանի մարտի 2-ի հեռախոսազրույցը, որը վերաբերում է մարտի 1-ի իրադարձություններին, թե ինչ խանդավառությամբ է խոսում Տեր-Պետրոսյանը, ես չեմ բացառում, որ այդ զոհերից ոմանք կարող են լինել հենց խռովարարների շարքերից արձակված կրակոցների արդյունքում»:
Փաստաբանի խոսքերով, դատավճիռներից մեկով ապացուցվել է, որ կեսօրին ոստիկաններից մեկին ծեծել են ու խլել են ատրճանակը. «Նաև տեսել եք տեսանյութը, որ ցուցարարների կողմում գտնվողներից մեկը կրակ է արձակում ոստիկանության ուղղությմաբ: Պետք է ամեն ինչ պարզվի, թե ով ում կողմից է սպանվել: Չպետք է հիմնվել ենթադրությունների վրա: Պետք է նախ մանրամասնորեն քննվեն 10 զոհերի սպանության հանգամանքները, հետո մնացած հետևություններն արվեն»:
Քոչարյանն այսօրվա իր ելույթում խոսել է նաև 10 զոհերի սպանության հանգամանքները բացահայտելու մասին:
Ալումյանը, անդրադառնալով Քոչարյանի ելույթին, ասաց, որ վերջինս այսօր մի կարևոր միտք է ասել. «Նա ասաց, որ այդ օրերին, ըստ էության արել է երկու գործողություն՝ հրավիրել է խորհրդակցություն և մարտի 1-ին հայտարարել է արտակարգ դրություն, ինչի մասով Սահմանադրական դատարանը որևէ մեկը չի դիմել: Ավելին, այն ժամանակ ԱԺ-ն քննարկել և անհրաժեշտ է համարել արտակարգ դրություն հայտարարելը: Քոչարյանի երկու գործողություններն էլ որևէ բան իրենց մեջ չեն պարունակում Սահմանադրական կարգը տապալելու մասին»: