Ես կարծում եմ, որ իմ սեյֆից 27 հազարը վերցրել են շոկից: Այս մասին դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Վերաքննիչ դատարանում քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատախազության բողոքը:
«Երբ քննիչը սեյֆը բացեց ու տեսավ, որ 4 միլիարդ չէ, այլ ընդամենը 27 հազար…»,-ասաց Քոչարյանը:
Այստեղ դատարանը միջամտեց՝ հայտարարելով, որ պետք չէ այդպես խոսել, մարդիկ իրենց աշխատանքն են կատարում, ինչպես Քոչարյանի պաշտպանը. «Ես ուղղակի հորդորում եմ Ձեզ իրավական շրջանակներից դուրս չգալ»:
«Կարծում եմ, որ ամեն դեպքում դատարանն այն տեղն է, որտեղ մարդն իրավունք ունի ասելու իր կարծիքը, իրավունք ունի օգտագործելու այն բառապաշարը, որը նորմատիվ լեքսիկայի շրջանակներում է: Ես չեմ կարծում, թե մի բան եմ ասել, որն այդ շրջանակներից դուրս է: Խնդրում եմ հարգել արտահայտվելու իմ իրավունքը: Արդեն մեկ տարի է իմ իրավունքներն ոտնահարվում են լկտի ձևովո: Ես իրավունք ունեմ այդ մասին բարձրաձայնելու»,-ասաց նախագահը:
Դատավորն ասաց, որ դատարանը հարգում է բոլորի իրավունքները, իսկ մնացած առումներով պետք է ամեն ինչ լինի իրավունքի շրջանակներում:
Դատարանը կողմերին լսելուց հետո հեռացավ խորհրդակացական սենյակ, որոշումը կհրապարակվի այսօր 16:30-ին: