Հասարակություն 

Ինչո՞ւ են կրակում արագիլների վրա. 5 արագիլի համար երկինքը փակ է

Արագիլը սիրված թռչնատեսակ է մեր երկրում, սակայն կան մարդիկ, ում համար արագիլի վրա կրակելը զվարճանք է: Ժամանակ առ ժամանակ գրանցվում է արագիլների վրա կրակելու փաստ: Եվ անցած տարի, և այս տարի կարմիրգրքյան սև արագիլներ են վիրավորվել հրազենային վնասվածքներից. ոչ բոլորի կյանքն է հնարավոր եղել փրկել: Ի դեպ, սև արագիլից Հայաստանում 6 զույգ կա:

Analitik.am-ի հետ զրույցում Էկո-մեդիա բնապահպանական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը նշեց, որ արագիլների վրա կրակելը ստորություն է, քանի որ արագիլն այն թռչունն է, որին հնարավոր է տարբերել և այն որսի ենթակա չէ. «Արագիլը Հայաստանի խորհրդանիշերից է: Այս թռչնատեսակը միշտ պատկերվում է Արարատի ֆոնին, ինչպե՞ս կարելի է կրակել խորհրդանիշի վրա»,- ասաց նա:

Ն. Կիրակոսյանը նաև հավելեց, որ արագիլների վրա կրակողները երբեք էլ չեն խոստովանի, որ հենց իրենք են մեղավոր: Եվ որպեսզի նման երևույթները բացառվեն, նա առաջարկում է որսորդների համար թեստ-քննություններ, որոնք լրացնելու դեպքում միայն որսորդը կարող է թույլտվություն և արտոնագիր ստանալ:

Մեր զրուցակցի խոսքերով, ոլորտում բարեփոխումների անհրաժեշտություն կա. «Ես նաև առաջարկում եմ մեկ-երկու տարի որսի դադար լինի, առանձնացվեն որսահանդակները և որսորդական տնտեսությունները, որտեղ որսն օրերով չի բաշխվի, ինչպես հիմա: Նաև նման տնտեսություններում կարող են զբաղվել կաքավի, նապաստակի, վայրի խոզի բազմացմամբ»,- ասաց Ն. Կիրակոսյանը՝ հավելելով, որ նման մասնավոր տնտեսությունների սեփականատերերը նաև հոգատար կլինեն իրենց տարածքին մոտ գտնվող կենդանիների նկատմամբ և կբացառվի պահպանվող տարածքներից ոչ շատ հեռու որսորդութունը:

Ինչ վերաբերում է հատկապես սև արագիլների վրա կրակելու փաստին, Նարինե Կիրակոսյանը նշեց, որ անգամ տույժ-տուգանքների մեծացումը երևույթը չի կանխելու, հակառակն՝ ավելացնելու է կոռուպցիոն ռիսկը:

Ըստ նրա, աստղաբաշխական գումարների տույժ ու տուգանքները միշտ էլ մեծացնում են կոռուպցիոն ռիսկը, քանի որ նախ որսագողը փորձում է խղճահարություն արթնացնել իրավապահի կամ տեսուչի մոտ: Նաև չի բացառվում, որ դեպքի մասին լռելու դիմաց նույն իրավապահը կամ տեսուչը կարող է մտնել կոռուպցիոն գործարքի մեջ: Մնում է նման որսագողերին բռնել և հանրային պարսավանքի ենթարկել, որն ի դեպ, մինչև այժմ չենք արձանագրել:

էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանման հիմնադրամի հիմնադիր Մանուկ Մանուկյանը Analitik.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին վերականգնվում են 5 արագիլ, որից մեկը սև է. «Մի քանի օր առաջ բնություն ենք վերադարձրել մի քանի թռչուն, նաև՝ կարմիրգրքյան մորուքավոր անգղ, բվեճ, քարածիվ, հավալուսն, տափաստանային ճուռակ: Հինգ արագիլներին վերադարձնել չենք կարող՝ նրանց վնասվածքներն այնպիսին են, որ թռչել չեն կարող»,- ասաց նա՝ հավելելով, որ հիմնականում արագիլների թևերն ամպուտացված են, քանի որ կրակելու արդյունքում թռչունների թևերը վնասվել են:

«Արագիլները հավանական է կուղարկվեն որպես նվեր կենդանաբանական այգիներին»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է վիրավոր սև արագիլին, ըստ Մանուկ Մանուկյանի, նրա թևն ուղղակի վնասված է, ավելի ուշ պարզ կլինի՝ նա կարո՞ղ է ապրել բնության մեջ, թե՝ ոչ:

Նաև հիշեցրեց, որ նախորդ տարի Արագածոտնի մարզում սև արագիլի վրա կրակելու հետևանքով այն սատկել էր մինչև կենտրոն հասցնելը:

«Տարեկան մոտ 7-8 դեպք է լինում արագիլների վրա կրակելու, որոնց ես եմ տեղյակ: Չի բացառվում, որ դեպքերն ավելի շատ են: Ես համոզված եմ, որ փորձառու որսորդները չեն կրակում, կրակում են նոր-նոր սկսող որսորդները, որոնք կապ չունեն որսորդության հետ»,- նշեց էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանման հիմնադրամի հիմնադիրը:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից