Հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած ցույցի ժամանակ, ըստ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հայտարարության, մասնակից ցուցարարների 80 տոկոսը հարբած է եղել. « Խմցրին ժողովրդին ինչ-որ մարդիկ, որից հետո ամբոխն անկառավարելի դարձավ: Մեծ մասը ոգելից խմիչքի ազդեցության տակ էր»,-ասել է նա:
Analitik.am-ը փորձեց ճշտել այս լուրը՝ զրուցելով ցույցին մասնակցած գյումրեցիների հետ:
Արա Նախշքարյան, բլոգեր. « Ես ինչպես հասկացա՝ Լևոն Երանոսյանը Գյումրուց պարզապես լուրեր է իմացել…Հարբածներ կային չեմ ժխտում, բայց ոչ 80%: Ես այդտեղ կանգնածների 40 % ին ճանաչում էի, նրանք ոչ մեկը հարբած չէին այդ որտեղի՞ց ստացվեց 80 % : Խնդիրը Գյումրի ժամանած մեր մյուս քաղաքների բնակիչների հետ է կապված: Մի պարզ բան ամեն դեպքում կասեմ՝ մենք մանրադրամներ շպրտելու «մշակույթին» գոնե անծանոթ էինք. դա «ԴԵՄ ԵՄ»- ի ժամանակ արված միջոցառումից մնացած «արվեստ» է՝ գյումրեցուն անհարիր…
Մենք քար չենք շպրտում մեր արժեքների վրա, այս պարագայում Շիրակի թեմի առաջնորդի…Մեզ այնտեղ, ի նկատի ունեմ դատախազության դիմաց, համախմբել էր «վշտի պատասխանը», ոչ ավելին:
Մենք չէինք գնացել հարվածելու մեր իշխանություններին, այլ օգնելու՝ թեկուզ մեր վանկարկումներով օգնում էինք պետական համակարգին: Այսինքն՝ որ տեսնեն թե էստեղ էլ մարդ կա և պահանջում է, և որ չի կարելի անտեսել այն, և որ պետք է ընդառաջ գնալ: Մեր ծրագրի մեջ չկար դեսպանատուն գնալը: Մենք ընդամենը մեկ հստակ պահանջ ունեինք՝ հանցագործին հանձնել հայ իրավապահներին: Սակայն ամբոխն անկառավարելի դարձավ, երբ սկսեցին պրովոկացիոն հարցեր տալ, ինչ որ իրեր շպրտել ու հայհոյանքներ տեղալ: Օրինակ, երևանցի մի կին (կամ աղջիկ, հաստատ չգիտեմ), հատուկ կանգնել էր ոստիկանների պատնեշին ու հայհոյում էր, որ ոստիկանն ափերից դուրս գա ու մեկ ապտակ տա, որպեսզի շուխուռ լինի, թե՝ տեսե՜ք, խփում են…
Այդ կնոջ բարբառը հաստատ գյումրեցու չէր, ոչ էլ Շիրակի մարզի որևէ բնակավայրի: Փոխոստիկանապետը ճիշտ է՝ համը հանողները հարբած էին, բայց չեմ կարծումՙՙ, որ հարբել էին «զա խռաբռստյու»:
Նրանք, հիմնականում, անփորձ երիտասարդներ կամ պատանիներ էին: Նորմալ մասսան նման քայլի չէր գնա: Մեծ քարեր էին նետում. Լավ զորք էր, որ այդքանից հետո ձեռք չբարձրացրեց. բա որ սկսեին իսկապե՞ս խփելը. Պատկերացնո՞ւմ եք, կոտորած կլիներ:
Այնպես չէ, որ ես արդարացնում եմ ոստիկանության գործողությունները, պարզապես, նրանք ոչ թե քաղաքացիներին բերման ենթարկելու և գլխներին գործ սարքելու համար էին այնտեղ, այլև վիճակի լարվածությունը թուլացնելու՚»:
Լիլիթ Խաչատրյան, ուսանողուհի. «Ես այնտեղ եմ եղել. Այն ինչ ասում են՝ սուտ է. մեկ-երկու հոգի հնարվոր է հարբած են եղել, բայց դա այն չէ, ինչ ներկայացնում են: Չի՛ կարելի, մարդիկ ահավոր սթրեսի մեջ էին, հնարավոր է՝ վշտից են ափերից դուրս եկել, բայց դա այն չէ, ինչ խոսում են»:
Ղարիբ Մինասյան. «Այո, եղել եմ այնտեղ. Հարբած էին, բայց միայն նրանք, ովքեր հյուպատոսարանի դիմաց էին: Չնայած ես բոլորին չեմ ստուգել, բայց հիմնական մասսան հարբած էր»:
Վասիլի Ալեքսանով. «Օրը ցուրտ էր, կարող է խմած մարդիկ լինեին, բայց ոչ հարբած: Մեկ օր առաջ, ավտոերթի ժամանակ, տեսա պաստառներ , որոնք ընդհանրապես կապ չունեին գյումրեցիների հետ, դա բերողները գյումրեցիները չէին, թե ովքեր էին չգիտեմ»:
Անի Զախարյան, «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար. «Չգիտեմ, ով ինչ է ասում, դա իրենց խնդիրն է, ես հավատում եմ իմ տեսածին և իմ առողջ դատողությանը։ Միշտ էլ նման բողոքի ակցիաների դեպքում կարող են գտնվել որոշ սադրիչներ, մարդիկ, ովքեր չեն կարողանում տիրապետել իրենց ներքին զայրույթին, սակայն դա չի նշանակում, որ բողոքի մասնակիցների 80%-ը եղել են ոչ սթափ վիճակում։ Գյումրեցիները միշտ էլ նման պատվախնդրությամբ են արձագանքել իրենց քաղաքի և երկրի հետ կապված աղմկահարույց դեպքերին։
Անգամ 88-ի երկրաշարժի օրերին շատ գյումրեցիներ իրենց վիշտը թողած՝ Արցախի հարցով էին տառապում։ Անընդունելի եմ համարում սեփական անօրինական գործողությունները արդարացնել նման ստահոդ հայտարարություններով։ Եվ այն էլ, ո՞վ է դա պնդում, մարդ, որի գործելաոճին մոտիկից վերջերս ծանոթացանք՝ կապված ազատամարտիկների նկատմամբ բռնություն կիրառելու հետ:
Դա լիառժեք չի համապատասխանում իրականությանը և շատ ստոր սուտ է, նման բան չի եղել։ Մարդիկ եղել են զգոն վիճակում, այլ բան է, որ այնտեղ կարող է 1-2 մարդ ոչ սթափ լինեին։ Անգամ համացանցով է հստակ երևում, որ այնտեղ լիառժեք գիտակից, բարձր քաղաքացիական կեցվածքով համակված գյումրեցի երիտասարդություն է հավաքված, ովքեր պատվախնդիր էին իրենց հայրենակիցների համար։ Ոստիկանությունը ելքեր է որոնում իր բիրտ և հակաօրինական գործողությունները արդարացնելու համար»:
Հասմիկ Մովսիսյան