Analitik.am-ի տեղեկություններով, «Մարտի 1-ի» գործով հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննության է կանչել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով 2008-ի մարտի 1-ին ՀՀ նախագահն էր։
Հիշեցնենք, որ այսօր ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը կատարող քննչական խմբի ղեկավարի կողմից 2018 թվականի հուլիսի 3-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Հայաստանի Հանրապետության գործադիր մարմնի ղեկավար անձի՝ պաշտպանության նախարարի և այլ անձանց կողմից 2008 թվականի փետրվարի 23-ից մինչև նույն թվականի մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու դեպքի առթիվ: Պաշտպանության նախկին նախարար Մ. Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել «Մարտի 1»-ի գործով, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։