Հասարակություն 

Տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացման հիմնախնդիրները ՀՀ-ում

Տեղական ինքնակառավարման արդյունավետությունը պետական կառավարման արդյունավետության մասն է կազմում: Ցանկացած կառավարման արդյունավետությունը որոշելու համար գոյություն ունի երկու պարզ կանոն: Առաջինը բնակչությունն է: Այն կառավարման համակարգում, որտեղ բնակչությունը կրճատվում է, համակարգը, այդ թվում նաև պետությունը, գնում է կործանման, իսկ այն երկիրը, որտեղ բնակչությունն ավելանում է, թեկուզ երկիրը աղքատ է, ապա այդ երկիրը և դրա հետ մեկտեղ կառավարման համակարգը գնում է զարգացման:


Երկրորդը բնակչության բաշխվածությունն է: Եթե բնակչությունը հավասարաչափ է տեղաբաշխված, ապա դա վկայում է կառավարության և օրենքների արդյունավետության մասին: Մեծությամբ ու մարդկանց քանակով հավասար երկու պետություններ կարող են հզորությամբ խիստ անհավասար լինել, այդ պետություններից միշտ ամենաուժեղը նա է, որի բնակչությունը հավասարաչափ է տեղաբաշխված երկրամասի վրա, այն պետությունը, որտեղ քիչ են մեծ քաղաքները և հետևապես, սակավ փայլում է, միշտ էլ կհաղթի մյուսին: Մեծ քաղաքներն են հյուծում պետությանն ու նրան թուլացնում. նրանց արտադրած հարստությունն առերևույթ է ու խաբուսիկ. դա շատ դրամ է, բայց քիչ օգուտ:




Տեղական ինքնակառավարման արդյունավետությունը պայմանավորված է կառավարող սուբյետի կողմից կառավարվող օբյեկտի վրա ունեցած ազդեցության աստիճանով: Արդյունավետությունը չի որոշվում կառավարչական որոշումների քանակով, այլ այդ որոշումների` բնակչության վրա ունեցած ազդեցությամբ, սոցիալական, տնտեսական հետևանքներով, արդյոք արդյունքները, որոնք ստացվում են այդ որոշումների կատարումից, բարձրացնում են բնակչության սոցիալական, տնտեսական, ինչու չէ նաև հոգեբանական բարելավման մակարդակը: Արդյունավետությունը որոշվում է նաև այն հանգամանքով, երբ արդյունքի հասնում են փոքր թվով աշխատողների, քիչ ծախսումների միջոցով  կարճ ժամանակահատվածում:


Տեղական ինքնակառավարման արդյունավետությունը կախված է  նաև ֆինանասական ցուցանիշներից` ծախսերի և եկամուտների ճիշտ հարաբերակցությունից, ձեռք բերված արդյունքների և դրանց վրա կատարված ծախսերի ճիշտ հարաբերակցությունից:


Արդյունավետությունը որոշվում է  դրված նպատակների և դրանց հասնելու ուղիների մշակմամբ, նախօրոք դրված նպատակների և արդյունքների համապատասխանությամբ, հիմնախնդիրների դուրս բերմամբ, ինչպես նաև դրանց լուծման համար արդյունավետ քայլերի մշակմամբ:


Արդյունավետության գործընթացում կարևորն արդյունքն է, և դրա դրական ու բացասական լինելով է որոշվում ՏԻՄ-երի գործունեության արդյունավետությունը: Եթե արդյունքը դրական է, ապա նպատակները ճիշտ են սահմանված եղել, ծախսերը` նունպես: Բացասական արդյունքի դեպքում ՏԻՄ-երը տուժում են թե՛ ծախսերի և թե՛ աշխատանքային գործունեության տեսանկյունից:           Արդյունավետության գլխավոր խնդիրներից մեկը բնակչության զբաղվածության խնդիրն է և կադրերի հոսունության կրճատումը: Սա բավականին լուրջ խնդիր է: Եթե համայնքը կարողանում է ապահովել աշխատատեղերով և նվազագույնի հասցնել կադրերի հոսունությունը, ապա տեղական ինքնակառավարումը արդյունավետ է իրականացվում:

 


Արդյունավետության բարձրացման կարևորագույն խնդիրներից մեկը համայնք- մարզպետարան փոխհարաբերություններն են: ՀՀ Սահմանադրությունում ամրագրված է . «Տեղական ինքնակառավարումը համայնքի իրավունքն ու կարողությունն է` սեփական պատասխանատվությամբ բնակիչների բարօրության նպատակով Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան լուծելու տեղական նշանակության հարցերը»: ՏԻՄ օրենքում նշված է ՏԻՄ-երի ինքնուրույնության և պատասխանատվության սկզբունքը տեղական ինքնակառավարումն իրականացնելիս: Սակայն փաստն այն է, որ տարածքային կառավարման մարմինները բավականին միջամտում են ՏԻՄ-երի գործունեությանը, ինչը ցածրացնում է ՏԻՄ-երի գործունեության արդյունավետության մակարդակը, այսինքն`այս դեպքում ՏԻՄ-երն ավելի շատ դառնում են կատարող, քան ինքնուրույն գործող մարմին:


Արդյունավետությունը որոշվում է նաև հանրային ծառայությունների մատուցման մակարդակով: Արդյունավետության մասին են վկայում նաև կառավարելիության բարձր մակարդակը, կառավարման կուլտուրան և էթիկետը, բարենպաստ աշխատանքային պայմանները և աշխատակիցների կողմից աշխատանքից ունեցած բավարարվածության մակարդակը:


ՏԻՄ-երի արդյունավետությունը մեծապես կախված է ղեկավարի խելացիության, աշխատանքային փորձի և տեղեկացվածության աստիճանից: Որքան ղեկավարը կոմպետենտ է, ունի համապատասխան գիտելիքներ և կարողություններ, հարուստ փորձ և տեղեկացվածության բարձր մակարդակ, այդ թվում նաև տիրապետում է մոտիվացման եղանակներին, այնքան կառավարչական որոշումները կտանեն համակարգի զարգացմանն և արդյունավետության բարձրացմանը:

Այսօր ՏԻՄ-երի արդյունավետության բարձրացման գործընթացում կարևորվում է համայնքների խոշորացման հարցը: Սակայն սա ունի իր լուրջ բացասական հետևանքները: Ճիշտ է համայնքների խոշորացման դեպքում հնարավոր է բնակչության աճ, ծախսերի կրճատում, սակայն առաջ է գալիս տեղաշարժի բարդության խնդիրը: Սա պայմանավորված է այն հանգամանքով, թե որտեղ ե գտնվում կենտրոնը: Ինչպես նշվում է Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգում. «Գոյություն ունի կենտրոնի ընտրության երեք հիմնական տարբերակ. առաջին`համայնքի կենտրոն դարձնել առավել մեծ թվով բնակիչ ունեցող բնակավայրը, երկրորդ`համայնքի կենտրոն դարձնել բոլոր բնակավայրերի համեմատ կենտրոնական դիրք ունեցող բնակավայրը, երրորդ` հանայնքային կենտրոն դարձնել այն բնակավայրը, որը հանդիսանում է տրանսպորտային հանգույց և կապում է մյուս բնակավայրերը հիմանական ճանապարհների հետ»:


Ուշադրություն դարձնելով վերը թվարկվածին` ակնհայտ է դառնում, որ կենտրոնի ընտրությունը կատարվում է այնպես, որ նպաստավոր լինի մյուս համայքների համար, սակայն չմոռանալով այն փաստը, որ կան համայնքներ, որտեղ տրանսպորտային լուրջ խնդիրներ կան, բացի այդ տրասպորտը աշխատում է ըստ սահմանված ժամերի, հետևաբար կենտրոնից համեմատաբար հեռու ապրող բնակչի համար հեշտ չէ այցելել կենտրոն: Սա նաև ժամանակատար է: Եթե բնակիչը իր համայնքում նույն օրվա ընթացքում կարող է ստանալ իր հարցի պատասխանը, ապա համայնքների խոշորացման դեպքում այս գործընթացը երկարում է, ինչը կարող է թուլացնել  ՏԻՄ-երի գործունեության արդյունավետությունը: Մյուս կողմից նվազում է մյուս համայքների ինքնուրույնության աստիճանը: Նրանք ավելի շատ կախվածության մեջ են ընկնում համեմատաբար մեծ համայնքներից և հնարավոր է նաև նրանց կարծիքների անտեսում:


Մեկ այլ լուրջ խնդիր է սոցիալական ենթակառուցվածքների հարցը` հանրակրթական դպրոցներ, առողջության առաջնային պահպանման կենտրոններ, մշակութային կենտրոններ, նախադպրոցական հաստատություններ և այլն: Համայնքի բնակիչը, ունենալով առողջական խնդիրներ, ապրելով  համեմատաբար ծայրամասային համայնքում և լինելով սոցիալապես անապահով, առողջական խնդիրների լուծման համար պետք է այցելի կենտրոն, ինչը ծախսատար է և ժամանակատար: Նույնը կարել է ասել  նախադպրոցական հաստատությունների մասին: Ծնողները ստիպված պետք է իրենց երեխաներին տեղափոխեն տեղից տեղ նախադպրոցական հաստատություն հաճախելու համար: Սա կբերի նրան, որ շատ ծնողներ կգերադասեն չտանել իրենց երեխաներին նախադպրոցական հաստատություններ: Այս պարագայում չպետք է մոռանալ այն մասին, որ մեր երկրում բնակչության զբաղվածության և ապահովվածության մակարդակը բավականին ցածր է, հետևաբար համայնքների խոշորացումն ավելի կսրի այս խնդիրը և կնվազեցնի ՏԻՄ-երի գործունեության արդյունավետությունը: Բացի այդ ոչ մի հարկատու չի ցանկանա ներդրումներ կատարել այլ համայքնի զարգացման և բարելավման համար: Յուրաքանչյուր հարկատու ներդրումներ կատարում է ցանկանալով բարելավել իր սեփական համայնքի բնակչության ապահովվածության մակարդակը:


Այս պարագայում առավել նպաստավոր է միջհամայանքնային միավորումների ստեղծումը, քանզի դրանք նաև հնարավորություն կտան փոքր գյուղական համայքներին իրենց միջոցների, ռեսուրսների միավորման միջոցով իրականացնել առավել արդյունավետ տեղական ինքնակառավարում:



Թինա (Ծաղիկ) Ղազարյան

Նույն շարքից