Հայաստան Քաղաքական 

Տեղի է ունեցել Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի 1-ին նիստը

Երևանի ավագանին 7-րդ նստաշրջանի առաջին նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել հայ անվանի բանաստեղծուհի, գրող, թարգմանիչ և հասարակական գործիչ Մետաքսեի հիշատակը հավերժացնող հուշատախտակ տեղադրելու մասին որոշման նախագծին:

Երևանի ավագանու հավանությանն են արժանացել նաև միջնադարի հայ գիտնական, մանկավարժ, հասարակական գործիչ Մխիթար Գոշի, ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու, Երևանի գլխավոր մանկաբույժ Ռոզա Մկրտչյանի, ականավոր պատմաբան, ակադեմիկոս և քարտեզագիր Սուրեն Երեմյանի, լուսանկարիչ Գաբրիել Խանոյանի, ականավոր պատմաբան, ակադեմիկոս Հրանտ Ավետիսյանի և քանդակագործ Խաչատուր Հակոբյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումների նախագծերը:

Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ որոշում է կայացրել «Ոսկե ծիրան» հասարակական կազմակերպությանը տրամադրված տարածքի անհատույց օգտագործման պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:

Հաշվի առնելով հանգամանքը, որ գեղանկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Լուսիկ Ագուլեցին իր սեփական տունը վերածել է թանգարանի և մինչ օրս նրա ընտանիքը բնակվում է նույն այդ տարածքում, Երանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ որոշել է Ագուլեցու ընտանիքի կողմից իրենց սեփականության իրավունքով պատկանող գույքը որպես թանգարան օգտագործելու ժամանակահատվածում բնակվելու համար վերջինիս անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել բնակարան:

Երևանի ավագանու մեկ այլ որոշմամբ բնակարան է հատկացվել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի գումարտակի հրամանատար, 2015 թվականի փետրվարի 28-ին հակառակորդի դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհված փոխգնդապետ Արտակ Սեդրակի Աղեկյանի ընտանիքին:

Ավագանու հերթական նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը նույնպես արժանացել են Երևանի ավագանու հավանությանը:

Նիստի ավարտից հետո տեղի է ունեցել նաև Երևանի ավագանու արտահերթ նիստ, որի ընթացքում ավագանին որոշել է Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող հողամասը նվիրել Հայաստանի Հանրապետությանը՝ այդ տարածքում Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու նպատակով:
Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը կգումարվի մարտի 18-ին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
 և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից