Դատարանի նիստերի դահլիճում չկա մարդ, ով չի կիսում Մարտի 1-ի տուժածների հարազատների վիշտը: Ոչ միայն դահլիճում, այլ նաև հանրապետությունում մի մարդ չկա, ով եթե հնարավորություն ունենար հետ բերելու այդ երեխաներին, ամեն ինչ չաներ, որ այդպես լիներ: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններցի Հայկ Ալումյանը:
Ալումյանը նշեց, որ խորապես ցավակցում են զոհերի հարազատներին, բայց պետք է ասել, որ որևէ մեկն իրավունք չունի այդ մարդկանց վիշտն օգտագործել սեփական նպատակներին հասնելու համար. «Ես ուզում եմ, որ բոլորը հասկանան, եթե այդ տաս զոհերից գեթ մեկի համար պարոն Քոչարյանն անմիջական պատասխանատվություն ունենար և այդպիսի փաստ լիներ, պատկերացնո՞ւմ եք, որ այդ փաստը քրեական գործում չլիներ ու ՀՔԾ-ն հարյուրապատիկ ուռճացված չներկայացներ բոլորիս: Այդպիսի փաստ չկա: Ես համոզված եմ, եթե ՀՔԾ-ն ու դատախազությունը կարողանային այդպիսի փաստ ստեղծել, կստեղծեին: Դա ցույց է տալիս ամբողջ քրեական գործի ընթացքը»:
«Բոլորը պետք է հասկանան, Քոչարանին 10 զոհից գոնե մեկի սպանությունը չի վերագրվում և նույնիսկ հնարավորություն չկա այդպիսի փաստ ստեղծելու համար: Մարդիկ, ովքեր տուժողների վիշտը փորձում են ուղղել մեկ ուղղությամբ, ովքեր ապրիորի որոշել են, որ բոլոր սպանվածները սպանվել են մի կողմից ուղղված կրակոցնրով, նրանք խախտում են օրենք ու բարոյական կանոններ»,-ասաց Ալումյանը: