Բոբի Քրիստինա Բրաունի մահը սարսափելիորեն նման էր նրա մոր՝ հանրահայտ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի մահվանը։ Երկուսին էլ անգիտակից էին գտել լոգարանակոնքում։ Երկուսն էլ, ըստ ամենայնի, ընտանեկան բռնության զոհ էին դարձել։
Ուիթնիի արյան բաղադրության մեջ հայտնաբերել էին նվազագույնը հինգ թմրանյութ։ Ու չնայած հայտնի չէ՝ արդյո՞ք թմրանյութն է եղել նրա դստեր մահվան պատճառը, փաստ է, որ դուստրը եւս թմրանյութ էր գործածում ու նաեւ շատ խմում էր։ Այդ ամենը մասնագետներին ստիպում է իրենց հարց տալ, թե արդյոք թմրանյութից Հյուսթոնի կախվածությու՞նն է պատճառ դարձել դստեր մահվան համար։ Կարո՞ղ էր մոր վատ օրինակը ազդել Բոբի Քրիստինայի ճակատագրի վրա։
Ջոնի Օգլը, որը թմրանյութերից կախվածության մասնագետ է, պնդում է, որ ծնողների թմրամոլությունը հզոր եւ երկարատեւ ազդեցություն է թողնում երեխաների վրա։
«Ես չգիտեմ, թե ճշգրիտ ինչի միջով է անցել Բոբի Քրիստինան, բայց իր շրջապատում նա տեսել է թմրամոլություն եւ այլ ընտանեկան խնդիրներ, իսկ այդ ամենը ծանր հետք է թողնում հոգեկանի վրա»,-նշել է մասնագետը։
Ծնողները Բոբի Քրիստինայի ներկայությամբ թմրանյութ էին օգտագործում եւ ծխում էին։ Աղջիկը նաեւ ընտանեկան բռնության վկա էր դառնում։ Նման ծնողներից շատերի երեխաները, որպես կանոն, հետեւում են ծնողների օրինակին։ Բացի դրանից, թմրամոլ ծնողները չեն կարող երեխաների հետ հուզական մտերմություն ապահովել, եւ դա, ինչպես բացատրել է մասնագետը, որպես հետեւանք երեխաներին էլ է թմրամոլ դարձնում։
«Վարվելակերպային կաղապարները երեխաների մոտ շատ վաղ են հայտնվում։ Եթե երեխան տեսնում է, որ հայրը հոգնած տուն է գալիս ու սկսում է խմել, հետո էլի խմել կամ թմրանյութ օգտագործել, երեխան դա է սովորում, եւ նրա փոքրիկ ուղեղը մտածում է, որ պետք է այդպես վարվել »,-նշել է բժիշկ Օգլը։
Նա նաեւ ավելացրել է, որ նույնիսկ եթե ծնողներն այդ ընթացքում երեխաներին ասում են, որ թմրանյութը վատ բան է, դա ոչինչ չի փոխում, որովհետեւ երեխաները արդեն ծրագրավորվել են ապագայում կործանարար վարվելակերպ դրսեւորելու։
«Ցավոք սրտի, նման իրավիճակում թմրամոլ ծնողների երեխաներն ի սկզբանե նախատրամադրված են նման խնդիրներ ունենալու։ Դրա համար էլ այնքան կարեւոր է, որ այդ երեխաները աջակցություն ստանան եւ պոկվեն կախարդական շրջանից »,-ասել է մասնագետը։
Կենտրոնում, որտեղ աշխատում է բժիշկ Օգլը, շատ աստղեր են բուժվել՝ ներառյալ Բրիթնի Սփիրսը, Լինդսի Լոհանը եւ Ռոբերտա Դաունի կրտսերը։ Բայց ոչ Ուիթնին, ոչ նրա դուստրը այնտեղ չեն բուժվել։
Աղբյոււր` NEWS.am Medicine