shamshyan.com-ը տեղեկացնում է, որ այսօր՝ օգոստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ժամը 07:30-ի սահմաններում Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի բնակիչ, 27-ամյա Արման Միրաքյանը իր վարած Mercedes Vito մակնիշի 95 AC 999 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի «Արջի հատվածի» ոլորանում ճանապարհի սահքի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և 5 մետր գլորվելով՝ կողաշրջված հայտնվել ձորակում:
Վթարի հետևանքով ավտոմեքենայից դուրս են բերվել այնտեղ գտնվող Իգոր, Գայանե և Տիգրան Բրուտյանները, Արթուր, Կարինե, Լաուրա Բաղրամյանները և վարորդը՝ Ա. Միրաքյանը:
Մեքենայից դուրս բերված բոլոր քաղաքացիները բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն: Նրանց ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր Դիլիջանի շտապ օգնության բրիգադների հետ գործել են օպերատիվ:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ Դիլիջանի ոստիկանապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել և տեղում քննչական աշխատանքներն է ղեկավարել քննիչ Ռուբեն Մարտիկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան վերամբարձ կռունկով քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ձորակից և տեղափոխվել ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Մինչ տեղափոխելը հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը:
Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում, 5 հոգի արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ 2-ը մի քանի ժամ կմնան բժիշկների հսկողության տակ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: