Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 27կմ հատվածում, Այրում գյուղի վարչական տարածքում, բախվել են 29-ամյա Ռուբեն Ստեփանյանի վարած Opel-Astra մակնիշի 35 TO 596 համարանիշի եւ 21-ամյա Կարեն Ղարագյոզյանի վարած «Volkswagen Vento» մակնիշի 33 PՍ 857 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից առաջացել է հրդեհ, ինչի հետեւանքով Կ. Ղարագյոզյանի ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Վթարի հետեւանքով վարորդներն ու Opel-ի ուղեւոր՝ 29-ամյա Ալիկ Աբովյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրանց առողջական վիճակը բավարար է: Դեպքի վայր էին ժամանել թիվ 64 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Ժամանել են նաեւ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի եւ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել ավագ քննիչ Հայկ Բեգլարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի օգնությամբ տեղափոխվել են ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: