Պատահարներ 

Վարորդը «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ վրաերթի է ենթարկել հաշմանդամ հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացավ

analitik.am

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 42-ամյա Ռուբեն Չելեբյանը իր վարած Opel Vectra մակնիշի 33 ՕT 193 համարանիշի ավտոմեքենայով Կոմիտաս պողոտայի և Գրիբոյեդով փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հաշմանդամ հետիոտնին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել, որպեսզի վրաերթի ենթարկվածը, ով կլինի 45-50 տարեկան, տեղափոխվի «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:

Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով քննիչ Արմեն Ճանճապանյանը:

Բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով՝ մահացավ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Փաստի առթիվ ՀԿԳ քննիչ Ա. Ճանճապանյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից