Aysor.am–ը գրում է. Կատակերգական ժանրն այսօր, կարծեք թե, ամենապահանջված է կինոշուկայում: Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ռեժիսոր Քաջայր Հակոբյանը սկսել է նոր՝ «Փորձաշրջան» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները, որում նկարահանվել են Անժելա Սարգսյանը, Թամարա Պետրոսյանը, Արտաշես Մխիթարյանը, Գրիշա Աղախանյանը, Արսեն Հակոբյանը և այլք: Պրեմիերան նախատեսվում է փետրվար ամսին:
«Սա սիրային կատակերգություն է: Շատ լավ, հետաքրքիր խումբ է հավաքված, նկարահանումներն անցնում են ուրախ մթնոլորտում: Ես և Գրիշա Աղախանյանը մարմնավորում ենք ամուսինների, ովքեր սեփական տուրիստական գործակալություն ունեն: Խաղում եմ ամուսնու վրա իշխող, կողակցին ճնշող կնոջ՝ Ռուզաննային: Փակագծերն ամբողջությամբ չեմ ցանկանում բացել, մնացածը կտեսնեք էկրաններին»,-Aysor.am-ի հետ զրույցում նշեց Անժելա Սարգսյանը:
Մեր զրուցակիցը նկարահանվել է նաև Գոռ Վարդանյանի «Հրեշների գայլը» ֆիլմում՝ այս անգամ մարմնավորելով կիսադժբախտ կնոջ կերպար: «Իմ մարմնավորած Յանան տիպիկ հայ կնոջ կերպար է, ով հասարակության կարծիքի և ծնողի զոհ է դարձել: Իհարկե, իր հիմարության պատճառով է մեծամասամբ նման ճակատագրի արժանացել. ամուսնացել է մի մարդու հետ, ում չի սիրել: Բայց ավելացնեմ, որ հերոսուհիս խելացի կին է, դրական կերպար: Ասեմ, որ իմ կյանքում առաջին անգամ եմ նման նկարահանման հրապարակում գտնվել. կարգուկանոն էր տիրում, բոլորն իրենց հստակ ժամը, ձևը գիտեին»,-ժպիտով ավելացրեց նա:

Ի դեպ, դերասանուհին այս ֆիլմում իր ներդրումն ունի նաև սցենարական աշխատանքում: «Իմ և կանացի մի քանի տեսարաններ ինքս եմ Գոռի հետ գրել, քանի որ կանացի տեսարաններն ինձ այնքան էլ չէին գոհացնում: Որպես տղամարդ՝ սցենարիստները ճիշտ էին մտածել, բայց կնոջ տեսանկյունից ամեն ինչ մի քիչ այլ է: Շատ մեծ բավականություն ստացա սցենարի վրա աշխատելիս: Ընդհանրապես, գտնում եմ, որ սցենարի վրա պետք է աշխատեն և՛ կին, և՛ տղամարդ, որպեսզի ավելի համոզիչ լինեն երկու սեռերի կերպարները: Ինձ համար շատ հետաքրքիր էր իմ այս կերպարը ներկայացնել, քանի որ ինքս եմ նրան ստեղծել, ծնել ու սնել՝ ոչ միայն էկրաններին, այլև թղթի վրա»:
Ա. Սարգսյանը ևս մեկ գեղարվեստական՝ «Ֆիլմ դրախտում» ֆիլմում նկարահանվել է նախորդ տարի, սակայն ինչ-ինչ պատճառով ֆիլմի նկարահանումները կիսատ մնացին և կավարտվեն 2016 թվականի սկզբներին: