Պատահարներ 

Վայոց Ձորի մարզում զինվորներ տեղափոխող ավտոմեքենա է կողաշրջվել

Shamshyan.com-ը գրում է, որ երեկ՝ փետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 178-րդ կմ հատվածում մերկասառույցի պատճառով ճանապարհի դժվարանցանելի, վայրընթաց հատվածում Արարատի մարզի Դարակերտ գյուղի բնակիչ, 23-ամյա Լևոն Հայրապետյանը իրեն ամրակցված Գազ 33081 մակնիշի ՊՆ 2121Տ համարանիշի ավտոմեքենայով կողաշրջվել է կողմնակի ձյունածածկի վրա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կողաշրջման հետևանքով ավտոմեքենայի թափքում գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, Երևան քաղաքի Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչ, 19-ամյա Արթուր Պետրոսյանը, Շիրակի մարզի բնակիչ, 20-ամյա Սերյոժա Սարդարյանը և Երևան Քաղաքի Սարի թաղի բնակիչ, 22-ամյա Աշոտ Յայլոյանը ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Զանգեզուրի կայազորային հոսպիտալ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Պետրոսյանի մոտ ախտորոշվել են ճակատի, աջ ծնկահոդի քերծվածքներ, Ս. Սարդարյանի մոտ՝ ձախ սրունքի առաջնային մակերեսի քերծվածք, Ա. Յայլոյանի մոտ՝ ճակատի, ձախ նախաբազկի շրջանների քերծվածքներ, փափուկ հյուսվածքների սալջարդ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Նույն շարքից