Իրավական 

Նոր մանրամասներ՝ Ավանում 25-ամյա երիտասարդի սպանության փորձի մասին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 25-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:

Ինչպես հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը, 2016թ. փետրվարի 29-ին՝ ժամը 01.15-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ «երկու ձեռքի, երկու ոտքի, կրծքավանդակի աջ թուլակողի» բազմաթիվ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1991թ. ծնված, Երևան քաղաքի բնակիչ Ա.Գևորգյանը:

Նկատի ունենալով, որ նյութերում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, որտեղ երիտասարդին պատճառվել են հրազենային վնասվածքները։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 7 պարկուճ, արնանման հետքեր։

Քրեական գործով էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Analitik.am-ը, Արթուր  անունով երիտասարդը ստացել էր 6 հրազենային վնասվածք:

Ինչպես մեր թղթակցի հետ զրույցում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հայտնել էին  երիտասարդը գտնվում է ԲԿ վերակենդանացման բաժանմունքում,   հետվիրահատական վիճակը ծայրահեղ ծանր է, միացված է արհեստական շնչառության ապարատին:

Նույն շարքից