Բլոգ 

Տղաներիս դաստիարակելու տեսանկյունից էլ ճիշտ էր իմ այստեղ գալը, չէ՞ որ ես երեք ապագա զինվոր եմ մեծացնում. Կարեն Մկրտչյան

analitik.am

Aysor.am-ը գրում է․

Այս օրերին Լեռնային Ղարաբաղը մարդաշատ է, այնտեղ է ոչ միայն արցախցին, այլև երևանցին, գյումրեցին, դիլիջանցին, իջևանցին, վանաձորցին, և ոչ միայն… Ծնունդով Երևանցի դերասան Կարեն Մկրտչյանն արդեն մի քանի օր է՝ միայնակ մեկնել է Արցախ՝ հայ զինվորի կողքին լինելու և օգնելու պատրաստակամությամբ:

«Եկել եմ այն նպատակով, որ մոտ լինեմ տղաներին և հնարավորությանս սահմանում օգնեմ այն ամենով, ինչով կարող եմ: Այստեղ մարտական շատ ընկերներ ունեմ ու իրենց կողքին եմ գտնվում»,- Aysor.am-ի հետ զրույցում նշեց դերասանը:

Ընտանիքի անդամները՝ կինն ու երեք որդիները, նրա որոշմանը դեմ չկանգնեցին: Գիտեին, եթե որոշել է՝ գնալու է: «Նրանք գիտեն, որ ինձ համար հայրենիքից թանկ բան չկա: Նրանց համար իմ որոշումն անսպասելի չէր, նորմալ են ընդունել: Տղաներիս դաստիարակելու տեսանկյունից էլ ճիշտ էր իմ այստեղ գալը, չէ՞ որ ես երեք ապագա զինվոր եմ մեծացնում»,-ընդգծեց նա:

1993 թվականին ազատամարտիկ Կ. Մկրտչյանը Մարտակերտում վիրավորվել ու հաշմանդամություն է ձեռք բերել, ու հենց այդ պատճառով է, որ հրամանատարն այսօր նրան առաջնագիծ չի թողնում: «Արցախյան շարժման տարիներից մինչ այսօր իմ հրամանատարը Իլյիչ Բաղրյանն է, այսօր էլ իր կողքին եմ գտնվում՝ Մարտակերտում:  Ինձ թույլ չի տալիս դիրքերում լինեմ, բայց փորձում եմ հնարավորինս օգտակար լինել»,-նեղսրտեց դերասանը:

Այսօր Արցախ են գնում բոլորը. մեկը գաղտնի, մյուսն այդ մասին բարձրաձայնելով, երրորդն էլ գուցե փիարի՞ խնդիր ունի, ի՞նչ իմանաս:  «Այս օրերի ընթացքում իմ տեսած բոլոր ահել ու ջահել զինվորները հպարտ են, որ իրենց հողն ու ջուրը պահում են: Մարդիկ էլ կան, որ նեղվում են այն հանգամանքից, որ իրենց չեն թողնում դիրքեր բարձրանալ: Տղամարդ լինելը հենց դա է… Ինչ վերաբերում է շոու անելու նպատակով Արցախ մեկնողներին, ապա ես փորձում եմ նման բաները չնկատել: Ըստ իս, այս պահին գեղեցիկը, լավը նկատելն ավելի ճիշտ է: Նայեք շուրջբոլորը, հազարավոր մարդիկ այստեղ են եկել ու պատրաստ են իրենց կյանքը տալ, չխնայել: Հազարավորներն էլ պատրաստ սպասում են ազդանշանի, որ անմիջապես միանան մյուսներին: Ես հենց այդ գեղեցիկով եմ հիանում»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։

Նույն շարքից