Բլոգ 

Ես տղամարդ եմ, հերս ու մերս ինձ տանջանքով էսքան պահել են…

«Գիշերը ժամը 11-ից մինչև ժամը 3-ը մեր բակի շունը ոռնաց: …Երբ ոռնում է, մենք շորեր ու անհրաժեշտ պարագաներ ենք հավաքում ու դռան մոտ ենք դնում: Որովհետև հանգիստ շուն է, ու եթե ոռնում է, ուրեմն երկրաշարժ է լինում… Դռան մոտ դրված տոպրակով հագուստը մեզ պետք չեկավ… Բայց երկրաշարժը եղավ.. մեր շենքում, մեր սրտերում, մեր գիտակցության մեջ…»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է այս գիշեր զոհված 20-ամյա Հայկ Մինասյանի հարևանուհին՝ Լիլիա Աբրահամյանը:

Իրավաբան.net-ի հետ զրույցում Լիլիա Աբրահամյանը պատմեց, որ Հայկը ավագ երեք քույր ունի, հայրն ու մայրը՝ ոսկե ձեռքեր ունեն: Նրա մահվան մասին տեղեկությունները դեռևս քիչ են, միայն գիտի, որ զոհվել է լուսադեմին: Լիլիա Աբրահամյանը Եվրոպական քոլեջի Վանաձոր մասնաճյուղի տնօրենն է ու նաև Հայկի դասախոսն է եղել.

«…Դասի ժամանակ եթե բոլորը ծիծաղում էին, իսկ Հայկը լուրջ նստած էր, ուրեմն քթի տակ մի բան էր ասել, որ բոլորին ծիծաղ էր պատճառում, բայց ինքը լուրջ էր մնում…»: «Ինձ ասում էր, որ վատ է, որ ես իրենց տնօրենն եմ, որովհետև դասից չի կարողանում փախչել: Բայց, առհասարակ, լավ էր սովորում: Եթե նույնիսկ մի բառ կարդացած չլիներ, տրամաբանությունն այնքան ուժեղ էր, որ լավագույն գրավորն իրենն էր լինում…»:

«Մի օր խնդրեց՝ աշխատանք գտնեմ իր համար: Հիանալի համակարգչային գիտելիքներ ուներ: Պայմանավորվեցի, որ որպես մոնտաժող ընկերներիցս մեկի մոտ աշխատի: Ժամ էինք պայմանավորվել: Զանգում եմ, չկա..

-Հայկ ջան, ու՞ր ես, էդ մարդը քեզ սպասում է:

-Ընկեր Աբրահամյան, 5 րոպեից էդտեղ եմ: Դե սպասում ենք… Անցավ ուղիղ 1.5 ժամ, ու Հայկը հայտնվեց:

-Այ տղա ջան, ու՞ր ես կորել:

-Դե ճիշտն ասած Երևանից էի գալիս, էնտեղ մի տեղ գործ կար, ասեցի անեմ, ձեռիցս չկորցնեմ, փող է էլի, հետո կգամ արդեն էստեղ… Չէր ուզում ուսումը շարունակել: Համոզում էինք, բայց որոշել էր, որ բանակից հետո պիտի աշխատի:

Մի օր երբ երկար համոզեցի, ասեց. -Ես տղամարդ եմ, հերս ու մերս ինձ տանջանքով էսքան պահել են: Հիմա պիտի գամ ու ես պահեմ իրանց…»:

Սկզբնաղբյուր`  iravaban.net կայք

  • 216
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    217
    Shares

Related Articles