Հունվարի վերջին և փետրվարի առաջին վեց օրվա ընթացքում Գեղարքունիքի մարզում դրական ջերմաստիճանով ցերեկները և նվազ ցուրտ գիշերները գրեթե չնչին են դարձնում Սևանա լճի սառցակալման հավանականությունը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի վարիչ Համբարձում Համբարձումյանն ասել է, որ նախորդ տարիների դիտարկումների համաձայն, Սևանա լճի սառցակալման ժամանակահատվածը համընկնում էր հունվարի վերջին տասնօրյակից մինչև փետրվարի առաջին կեսն ընկած ժամանակահատվածին:
Բացի այդ, լճի սառցակալմանը նպաստում էին մինչև քսան աստիճանի հասնող սառնամանիքները և ձնառատ ու բքոտ եղանակները:
«Վերջին հարյուր տարվա դիտարկումները ցույց են տվել, որ նման տաք հունվար ու փետրվարի սկիզբ ընդամենը մեկ անգամ է գրանցվել: Եվ ինչքան մոտենում ենք մարտ ամսին, այնքան Սևանի սառցակալման հավանականությունը չնչին է թվում»,-նշեց Համբարձում Համբարձումյանը:
Բնապահպանության բաժնի վարիչն իր անհանգստությունն է հայտնել հատկապես ձյան սակավ տեղումների, սպասվող երաշտի, գետերի և աղբյուրների ցամաքեցման մտավախության շուրջ։
«Սևանը գոտևորող լեռնաշղթաներում ձնածածկույթն աննշան է, ձորերում չկան կուտակված ձյան պաշարներ, որոնք սովորաբար գյուղատնտեսական տարին դարձնում են ջրառ ատ ու նպաստավոր: Լճի սառցակալումը կարող էր նվազեցնել գոլորշիացող ջրի քանակությունը, բայց դա, ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենա: Մնում է հուսալ, որ ձյան տեղումների պակասը կլրացվի փետրվար-մարտ ամիսների ընթացքում»,-նշել է Համբարձում Համբարձումյանը: