Ըստ հոգեբան Կարինե Նալչաջյանի գյումրեցին շատ արժանապատիվ կեցվածք ցուցաբերեց, կապված Ավետիսյանների ընտանիքի հետ տեղի ունեցած դեպքի հետ:
Հոգեբանի խոսքով Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունը արտառոց դեպք էր, եւ երկու շատ ազդեցիկ հանգամանք մարդկանց փողոց դուրս բերեց:
«Նախ, սպանության թիրախը մեզ համար եւ ընդհանրապես մարդկային իմաստով սրբություն էր։ Ընտանիքը սրբություն է, երեխան պաշտամունք է մեզ համար։ Գլխատվել էր այդ երկուսը, եւ մարդիկ չդիմացան։ Բայց այստեղ շատ կարեւոր էր նաեւ վիրավորանքի տարրը, որ մեզ սպանել է նա, ով պիտի մեր բարեկամը լիներ։ Վիրավորանքը եւ այդ ապրումը սգի, վշտի ցնցող զգացողությունը, երկուսը իրար հետ բերեցին ժողովրդական պոռթկումի», – ասաց նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Կ. Նալչաջյանը Մեկնաբանելով այն տեսակետը, որ այդ պոռթկումը արդեն մարել է, ասաց , որ դա այդպես չէ:
«Մի տեսակ մենք բոլորս լուռ, սպասողական, վիճակում ենք, եւ ցանկացած ազդակին, որ այնտեղից գալիս է, շատ էմոցիոնալ ռեակցիա ենք տալիս։ Հետո, դա էլ է բնական, էմոցիաների ամենաբարձր մակարդակը մարդու կյանքում չի կարող անընդհատ լինել։ Դրանք կարող են ինկուբացիայի մեջ մտնել, բայց ամեն մի պահի, նոր ազդակների դեպքում, ժողովրդական նոր բռնկումները բացառված չեն», – ասաց նա։