Գյուղատնտեսություն 

Գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է

analitik.am

ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների կողմից  հանրապետության  մի շարք մարզերում իրականացված աշնանային մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ ակտիվացել է կրծողների տարածումն ու զարգացումը, և անհրաժեշտ պայքարի միջոցառումներ չիրականացնելու դեպքում  ձմռան ամիսներին կարող են լրջորեն վնասվել պտղատու և խաղողի այգիները, ինչպես նաև աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքերը:

Հնարավոր վնասները կանխելու և գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով Գյուղատնտեսության նախարարությունն իրականացնում է մկնանման կրծողների դեմ լայնածավալ պայքարի միջոցառումների ծրագիր: Ըստ մոնիտորինգի արդյունքների՝ բարձր վարակվածություն ունեցող տարածքներում պայքարի միջոցառումներ իրականացնելու նպատակով ՀՀ մարզերին անհատույց հատկացվել է անհրաժեշտ քանակությամբ «Ռոդիֆակում Ս» տեսակի թունաքիմիկատ և օգտագործման վերաբերյալ համապատասխան խորհրդատվական թերթիկներ։

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է հողօգտագործողներին հետևել մասնագետների խորհուրդներին ու ցուցումներին, սեղմ ժամկետում ավարտել պայքարի աշխատանքները`  խստորեն պահպանելով անվտանգությանը ներկայացվող պահանջները:

Լրացուցիչ հարցերի դեպքում  հողօգտագործողները կարող են դիմել  գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների մասնագետներին. կոնտակտային տվյալներն առկա են նախարարության պաշտոնական կայքէջում:

Անհրաժեշտության դեպքում ծրագիրը կշարունակվի նաև 2017 թվականին` գարնանային պայքարի միջոցառումների կազմակերպման համար:

Նույն շարքից