Գյուղատնտեսություն Տնտեսություն 

Ո՞ւմ է այցելել գյուղնախարարության ուրվականը

analitik.am

Գյուղոլորտն առանց այդ էլ բավականին խնդիրներ ուներ, իսկ երբ զրկեցին միակ հարթակից՝ գյուղնախարարությունից, ոլորտում բարձիթողի, անկառավարելի վիճակ է ստեղծվել:

Նախօրեին Արմավիրի մարզի ֆերմերները հավաքվել էին կառավարության դիմաց: Ոռոգման սեզոնը չի ավարտվել, մարդիկ ոռոգման ջուր չունեն և պատրաստ են ծայրահեղ քայլերի: Միայն այն, որ Սևանից ոռոգման նպատակով ջրառը դադարեցվեց, երբ գյուղատնտեսական աշխատանքները չէին ավարտվել, ավելի քան խոսուն է: Եվ դա արվեց, որպեսզի ոմանք հպարտանան՝ մենք Սևանից այս տարի քիչ ջրառ ենք արել:

Հպարտանալը հպարտանալ, սակայն արդյունքում ֆերմերների բերքը չորացել է, որը բոլորովին էլ հպարտանալու առիթ չէ:

Նշենք, որ Արարատյան դաշտում վերջին տարիներին շուրջ 30 տոկոսով ավելացել է ջրի պահանջարկը, որը հետևանք է ստորգետնյա ջրերի նվազման: Լրացուցիչ ջրապահանջարկը նշանակում է, որ հողատարածքները կրկնակի ոռոգման կարիք ունեն: Առանց հաշվարկելու գյուղոլորտի պահանջները, առանց տեղեկանալու ջրի կարիք կա, թե՝ ոչ, դադարեցվեց ջրառը:

Սևանից դադարեցված ջրառը վերսկսվեց սեպտեմբերի 22-ին, քանի որ ուշ հասկացան սխալը: Այս ընթացքում ֆերմերների բերքը չորացել է դաշտերում, քանի որ 10 օր մնացել է առանց ջրի: Սա այնքան պարզ բանաձև է, որ գյուղոլորտից հեռու մարդու համար էլ է հասկանալի. չկա ջուր՝ չկա բույս:

Նախկինում գյուղնախարարությունը վատից-լավից կառավարում էր ջրառը, թեև Ջրպետկոմը հանեցին գյուղնախի կազմից, իսկ հետո գյուղնախն ընդհանրապես հանեցին:

Իհարկե այս անհասկանալի ջրաոռոգման կառուցվածքի արդյունքում է նաև նման վիճակ՝ շունը տիրոջը չի ճանաչում:

Լինելով ագրարային երկիր, որտեղ բնակչության մոտ 500 000-ը զբաղված է գյուղոլորտում` Հայաստանը գյուղնախարարություն չունի, իսկ ոռոգման ջուրը, որը գյուղոլորտի բաղադրիչն է, գտնվում է տարածքային կառավարման և զարգացման նախարարության ենթակայությանն տակ: Իսկ ջրառի դադարեցման վերաբերյալ տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Տեղի ունեցածն ինչ-որ սև ու մութ պատմություն է գյուղատնտեսական երկրի համար, նաև հրաշալի սցենար` հոլիվուդյան սարսափ ֆիլմերի համար:

Վերջին տվյալների համաձայն, սեպտեմբերի 25-ի դրությամբ Սևանա լճից բաց թողնված ջրառի քանակը կազմում է 140.954 միլիոն խ/մ: Այս տարի Սևանից օրենքով սահմանված է 170 միլիոն խ/մ-ից ջրառ իրականացնել, դեռևս 30 մլն խ/մ-ի ջրառի թույլտվություն կա:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից