Գյուղատնտեսություն 

Հոլանդական ընկերությունները հետաքրքրված են գյուղատնտեսության ոլորտում հայ գործընկերների հետ համագործակցությամբ

analitik.am

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն սեպտեմբերի 20-ին ընդունել է գյուղատնտեսական սարքավորումների արտադրությամբ զբաղվող հոլանդական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների: Հանդիպման նպատակն էր քննարկել  գյուղատնտեսության բնագավառում հայ-հոլանդական գործարար կապերի ընդլայնման և Հայաստանում հոլանադական գյուղտեխնիկայի ներդրման հնարավորությունը:

 

«Մեզ համար չափազանց կարևոր է գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում ավելացնել արտադրության ծավալները, ապահովել բարձրորակ գյուղմթերք, որը մրցունակ կլինի արտասահմանյան շուկաներում: Այդ նպատակով մենք պատրաստ ենք ուսումնասիրել ոլորտի բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված յուրաքանչյուր առաջարկ և քննարկել ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունները», – ողջունելով հյուրերին` նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

 

Հանդիպման ընթացքում հյուրերը համառոտ ներկայացրել են իրենց ընկերությունների գործունեությունը, ագրարային ոլորտում համագործակցության առավել նպատակահարմար ուղղությունները: Մասնավորապես, հյուրերն առավել մեծ հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանում ջերմոցաշինության, բանջարեղենային պահեստների և սառնարանային տնտեսությունների ստեղծման, թռչնաբուծարաններում և անասնապահական ֆերմաներում հոլանդական սարքավորումների տեղադրման ուղղությամբ:

 

Հոլանդական կողմը հնարավոր է համարել նաև հայ մասնագետների վերապատրաստումը  Նիդերլանդներում:

 

Այնուհետև նախարար Իգնատի Առաքելյանը հյուրերին ներկայացրել է պետական աջակցության նոր ծրագրերը, գյուղտեխնիկայի լիզինգի պայմանները և նշել, որ հոլանդական ընկերությունները նույնպես կարող են դառնալ այդ ծրագրերի մասնակից:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցեր:

Նույն շարքից