Հասարակություն 

Արտակարգ դեպքերին ընդառաջ ցուցաբերել զգոնություն

analitik.am

Հունիսի 12-ին «Հայացք» մամուլի կենտրոնում տեղի ունեցավ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանի մամուլի ասուլիսը՝ ամառային ժամանակահատվածին բնորոշ խնդիրների վերաբերյալ:

Անդրադառնալով բուսածածկ տարածքներում հրդեհներին՝ բանախոսը նշեց, որ հունիսի առաջին տասնօրյակում գրանցվել է 531 հրդեհի դեպք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 449-ով կամ 6,5 անգամ, որի պատճառով նախարարի հրամանով ԱԻՆ փրկարար ուժերն անցել են խստացված ռեժիմով ծառայության:

Հ. Խանգելդյանը նշում է, որ հրդեհների գերակշիռ մասի պատճառը մարդկային գործոնն է:

«Եթե հիմք վերցնենք, որ հրդեհների զգալի մասը ծագել է բուսածածկ տարածքներում, գերակշիռ մեծամասնությունը՝ չոր խոտածածկույթներում, հասկանալի է, որ պատճառը մարդու անփույթ վարմունքն է կրակի հետ, բաց տարածքներում կրակն օգտագործելուց հետո չհանգցնելը, մեքենաներից ծխախոտ նետելը։ Մեծ տոկոս են կազմում ավտոճանապարհների հարակից տարածքներում բռնկված հրդեհները»,- ասաց Հովհաննես Խանգելդյանը։

Նա կոչ արեց քաղաքացիներին շատ զգոն լինել հատկապես բնության գրկում, չնպաստել արհեստական, անթույլատրելի գործողություններով հրդեհային վիճակի վատթարացմանը:

«Մեր քաղաքացիներն ահազանգում են «911» ծառայություն ոչ միայն դեպքերի ու պատահարների դեպքում, այլ նաև ցանկացած կենցաղային հարցի շուրջ։ Մեր ծառայությունում հունվարի 1-ից մինչև հունիսի 11-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 8783 դեպք, որից 3852-ը՝ արտակարգ, իսկ 2869-ը՝ կենցաղային բնույթի: Մեր քաղաքացիները պետք է գիտակցեն, որ ցանկացած ավելորդ կրակի գոյացում, ծխախոտի, տարայի նետում կարող է հրդեհի պատճառ դառնալ»,- ասաց Հ. Խանգելդյանը։

Անդրադառնալով օձերի հայտնաբերման և խայթման դեպքերին՝ բանախոսը նշեց, որ Հայաստանում ընթացիկ տարվա առաջին 5 ամիսներին գրանցվել է օձի խայթոցի 32 դեպք, մեկ մարդ մահացել է:

Ըստ Հ. Խանգելդյանի՝ օձերը խայթում են բացառապես ինքնապաշտպանության նպատակով: Հայաստանի տարածքում բնակվում է օձերի 21 տեսակ, որից միայն 4-ն է թունավոր (իժի 3 տեսակ և գյուրզայի 1 տեսակ):

Լրագրողի այն հարցին, թե ի՞նչ անել, եթե օձն, այնուամենայնիվ, խայթել է, բանախոսը նշեց, որ անհրաժեշտ է սահմանափակել շարժունությունը, կապել արյան հոսքի սահմանափակման համար և բուժօգնության դիմել, քանի որ թունավոր օձի խայթոցի դեպքում հակաթույն է անհրաժեշտ:

Մասնագետը տեղեկացրեց, որ առավել վտանգավոր է ապրիլից հունիս ժամանակահատվածը, այսինքն՝ օձերի զուգավորման և բազմացման ժամանակը: «Այս ամիսներին նրանք չափազանց ագրեսիվ են, իսկ թույնը մեծ խտություն ունի: Օձեր հանդիպելու հավանականությունը մեծանում է լեռնային տեղանք այցելելիս, գյուղատնտեսական ցանքատարածքներում և հանդերում: Իսկ եթե օձը տուն է մտել, ապա կտրականապես արգելվում է նրա նահանջի ճանապարհները փակել և նրան անկյուն քշել: Անհրաժեշտ է երեխաներին հնարավորինս հեռու տանել այդ տարածքից և 911 հեռախոսահամարով անմիջապես փրկարարների կանչել»:

Հովհաննես Խանգելդյանը նշեց, որ հինգ ամսվա ընթացքում գրանցվել է ջրախեղդման 5 դեպք:

Նա քաղաքացիներին խորհուրդ տվեց ցուցաբերել առավել զգոնություն և զգուշավորություն:

Նույն շարքից