Հասարակություն 

Դե արջերն իջել են գյուղ, դե ապրում են էլի մարդիկ ու արջերը, հարմարվել են իրար. Գեղամ Մարգարյան

analitik.am

«2019թ-ին արջերը Վայոց ձորի մարզում 27 մեղվափեթակ են ջարդել, իսկ 2018թ-ին 260-270 փեթակ»,- Analitik.am-ի հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Մարգարյանը:

Ըստ նրա, Եղեգիս գետի վրա Փոքր ՀԷԿ-երի կառուցումն է նաև իր հերթին ազդել, որ արջերը մտնեն գյուղ, քանի որ արջերը նախկինում գետից ձուկ էին բռնում, գետի ափերին ծառեր ու հատապտուղներ կային, որոնցով կենդանին սնվում էր, սակայն այժմ ՀԷԿ-երն էկոլոգիական թողքը չեն պահպանում, գետերում ձուկ չկա, գետի ափերը չորացել են, կենդանին էլ սոված մնալով մտնում է գյուղ, փեթակների մեղրն է ուտում, փեթակները ջարդում և այգիները վնասում:

Գեղամ Մարգարյանի խոսքով, արջը քաղցը հաղթահարելու համար սնվում է խոտով, սակայն կենդանուն այլ միկրոօրգանզիմներ էլ են պետք, որը նա անտառում չի կարողանում գտնել. նա ոչ բեզոարյան այծի, ոչ էլ մուֆլոնի հետևից գնացողը չէ, իսկ լեշ լինելու դեպքում աղվեսներն ու գայլերն ավելի ճարպիկ են, այնպես որ արջը մնում է սոված և իջնում է գյուղերը:

«2018թ-ին 27 մլն դրամի վնաս են տվել արջերը մեղաբույծներին, ես դեռ ամբողջը չեմ հաշվել: Սա մեղվափեթակների ու մեղրի կեսն է, ամբողջը չեմ հաշվել, սա մի ահռելի գումար է և փոխհատուցում չկա»,- ասաց նա՝ հավելելով, որ այս տարի հետևողական է լինելու և փորձելու է արջի  «մեղրասիրությունից» տուժած մեղվաբույծներին փոխհատուցման ուղիներ գտնել:

«Դե արջերն իջել են գյուղ, դե ապրում են էլի մարդիկ ու արջերը, հարմարվել են իրար»,- կատակեց նա և հավելեց, որ հնարավոր է, որ վաղը սոված արջը տանտիրոջ դուռը թակի, քանի որ կենդանիները սոված են:

Նույն շարքից