Հասարակություն 

Ալավերդին էլ փակեցին, մարդկանց սոված թողեցին․ Ավելի լավ է ծուխ կուլ տամ, քան թե սոված մնամ. Ախթալայի բնակչուհի

analitik.am

Ախթալա քաղաքում 18-րդ դարի երկրորդ կեսին հույն հանքագործները կառուցել են Ախթալայի արծաթի և պղնձի գործարանը և բնակավայրին տվել Պղնձահանք անվանումը: Քաղաքը երբեմն անվանում են նաև Արծաթահանք:

Ախթալան գտնվում է Դեբեդ գետի ձախ ափին, Լալվար լեռան ստորոտում, լեռնալանջի վրա: Ծովի մակարդակից գտնվում է 740 մ բարձրության վրա:

Ախթալան մինչեւ 1995թ.-ը եղել է քաղաքատիպ ավան, այժմ ունի քաղաքի կարգավիճակ:

Ախթալան Ալավերդու տարածաշրջանում է, մարզկենտրոն Վանաձորից գտնվում է 62 կմ հեռավորության վրա:

Քաղաքի տարածքում գործում է «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը»,-ը, որը քաղաքի տարածքում, կիրճի մեջ երկու պոչամբար ուներ, այժմ փակված, իսկ այժմ օգտագործում է Նահատակի պոչամբարը, որը գտնվում է Այրում և Ճոճկան համայնքների տարածքում:

Analitik.am-ի հետ զրույցում Ախթալա քաղաքի բնակիչներից մեկը՝ Նարինեն հայտնեց, որ իր տղան և ամուսինը աշխատում են տվյալ հանքում, ամուսինը նախկինում աշխատել էր հենց հանքում, հետո առողջական խնդիրների պատճառով այժմ աշխատում է որպես պահակ, իսկ տղան բանակից է եկել և հիմա աշխատում է այդ նույն հանքի պահեստում որպես օգնական․ «Ամուսինս ստանում է 70 000 դրամ, իսկ տղաս՝ 100-110 հազար դրամ, սալյարկա է բաժանում»,- ասաց Նարինեն:

Հարցին, թե վտանգավոր չէ՞ հանքի հարևանությամբ ապրել և աշխատել, ասաց. «Հիմա ի՞նչը վտանգավոր չի, ամեն ինչն էլ վտանգավոր է, ուրիշ աշխատանք չկա, Ալավերդին էլ փակեցին, մարդկանց սոված թողեցին, ավելի լավ է ծուխ կուլ տամ, քան թե սոված մնամ: Մենք հողամաս չունենք, աշխատանք չկա, ո՞նց ապրենք»:

Ըստ նրա, Ախթալայում մարդիկ խոզ, հավ ու կով են պահում, ովքեր հողատարածք ունեն բանջարեղեն են մշակում, առևտուր են անում, այն էլ ոչ բոլորը, աղջիկների ու կանանց համար գործ չկա, տանը նստած են․ «Էս ֆրանսիացիների թողած շենքն է, վերանորոգել ենք, ապրում ենք, բայց ոչ աշխատավարձով ենք վերանորոգել, հիմա աշխատավարձով վերանորոգե՞լ կլինի, վարկ ենք վերցրել, թեև շենքը հին է, բայց պատերը 1 մետր լայնություն ունեն, ամուր են»,- ասաց նա՝ հավելելով, որ ժամանակին կարի ֆաբրիկ կար, պահածոների գործարան, մարդիկ աշխատում էին, հիմա Ախթալայում աշխատատեղ չկա, գործ չկա, որ աշխատեն:

Նա նաև պատմեց, որ աղջիկը երազում էր լրագրող դառնալ, ընդունվել էր Վանաձորի մանկավարժական համալսարան, սակայն վարձը չկարողացան տալ՝ 350 000 և աղջիկը տանն է, ոչ աշխատանք, ոչ ուսում. «Տարբերակ չունեինք, հնարավորություն չկար, տղաս բանակում էր, նոր է եկել, աշխատում է: Աղջիկս տանն է, չկարողացավ սովորել»:

Ախթալայի լեռնահատացուցիչ կոմբինատը Նարինեենց տան ուղիղ դիմացն է, նկատելի է, որ մեքենաներ են գնում-գալիս, երբեմն ծուխ է բարձրանում, ու միալար գվվոցը չէր ընդհատվում:

Հարցին, թե արդյո՞ք ձայնը չի խանգարում և կցանկանային, որ հանքը փակվեր, քանի որ հանքարդյունաբերությունն աղտոտում է շրջակա միջավայրը և ազդում մարդկանց առողջության վրա, տիկին Նարինեն ասաց․ «Քաղաքում էլ մեքենանների ձայնն է, ստեղ մենք սովորել ենք էդ ձայնին, մեր ընտանիքներ պահողներն իրանք են՝ ամուսինս ու տղաս: Ի՞նչի փակեն հանքը, ինչո՞վ ենք ապրելու: Երիտասարդությունը թողնելու է գնալ Ռուսասատան, բայց էնտեղ էլ աշխաատնք չկա, որ գնացին էլ հետ չեն գալու, էստեղ գոնե մի 100 000 դրամ ստանում են, գոնե իրենց որոշ չափով պահում»:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից