Հասարակություն 

Ազդակիր համայնքները բնապահպանական վճարները չեն կարողանում ստանալ. օրենքը թույլ չի տալիս

Բնապահպանական վճարը բնապահպանական միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով պետական բյուջե, իսկ որոշ դեպքերւմ համայնքի բյուջե վճարվող պարտադիր վճարն է:

Բնապահպանական վճար վճարողներն են համարվում ֆիզիկական և իրավաբանական անձինք, ովքեր իրականացնում են վնասակար նյութերի շրջակա միջավայր օդային և ջրային ազավանի արտանետում, արտադրության և սպառման թափոնների շրջակա միջավայրում տեղադրում, շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների ներմուծում կամ արտադրություն և իրացում: Այսինքն այն ընկերությւոնները, որոնց գործունեությունը վնասակար ազդեցություն է թողնում տարածքում գտնվող բնակավայրերի վրա`վճարում են բնապահպանական հարկ, որը ծախսվում է նույն համայանքներում բնապահպանական, առողջապահական նպատակներով:

Ահա այս բնապահպանական վճարները համայնքները չեն կարողանում ստանալ, ինչու՞ւ, որովհետև Հարկային օրենսգրքում փոփոխությունից հետո ընկերությունների կողմից վճարվող հարկային գումարները գնում են միասնական հաշվին և առաձին չեն ներկայացվում:

Analitik.am-ի հետ զրույցում Շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ռազմավարական ծրագրերի և մոնիթորինգի վարչության շրջակա միջավայրի պահպանության տնտեսական մեխանիզմների, ստանդատների և կանոնակարգերի բաժնի պետ Արթուր Ղավալյանը նշեց, որ խնդիրը ողջ Հայաստանի տարածքում է և որպեսզի հանքարդյունաբերությունից կամ վտանգավոր արտանետումներից տուժող համայնքները կարողանան ստանալ իրենց հասանելիք բնապահպանական վճարները՝ պետք է օրենքում փոփոխություն կատարվի:

«Վճարվող նպատակային օգտագործման մասին օրենքում որտեղ «փաստացի վճարված» բառերի փոխարեն պետք է լինի «հաշվարկված հարկի գումարը», ընկերությունն իր հարկային հաշվետվությամբ ինչ գումար ներկայացրել է՝ պետք է վճարի, հիմք կվերցվի այդ թիվը և կկատարվի հաշվարկը: Այժմ հարկային գումարները գնում են միասնական հաշվին»,- ասաց նա:

Ղավալյանը նաև նշեց, որ խնդիրը ծագեց, երբ վարչապետը ստորագրեց բյուջետային գործընթաց սկսելու մասին որոշման ի կատար ածելու ժամանակ, և պետք էր ըստ սահմանված ժամանակացուցի և ժամկետների մինչև հունիսի 20-ը ներկայացներ նշված գումարները՝ ըստ առանձին հարկատեսակների և ընկերությունների և ՊԵԿ-ը պարզեց, որ տեխնիկապես չի կարող ներկայացնել:

«Ազդակիր համայնքները պետք է ստանային այդ գումարները, սակայն համայնքներ կան, որ ծրագիր չեն ներկայացրել և չեն կարող գումարներ ստանալ 2020թ-ի համար»,- ասաց նա:

Բացի այն, որ ազդակիր համայնքները չեն կարող բնապահպանական վճարները տնօրինել, քանի որ օրենքը դեռևս հնարավորություն չի տալիս, նաև ծրագրեր չեն կարող ներկայացնել, քանի որ ըստ Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցչի, համայնքները պետք է ծրագրային հայտերը մարզպետարանի միջոցով ներկայացնեին մինչև հունիսի 25-ը. գումար չի եղել, համայնքները ծրագիր չեն ներկայացրել:

Ինչ վերաբերում է, մասնավորապես Ախթալա քաղաքի համար նախատեսված բնապահպանական վճարների նպատակայնությանը Արթուր Ղավալյանը գտնում է, որ ծրագրերը ոչ հստակ էին ձևակերպված եղել և այդ ծրագրերի շրջանակներում իրականացված ասֆալտապատումն արդյո՞ք համարվում է առողջապահական ծրագիր, թե ոչ, միաժամանակ նշեց, որ փոշու կանխարգելման համար ասֆալտապատումը կարող են իրականացնել:

Ախթալայի առաջին դպրոցի տնօրեն Լեռնիկ Չիգիրյանն Analitik.am-ի հետ զրույցում անդրադառնալով բնապահպանական վճարների խնդրին, նշեց, որ տեղյակ է, որ այդ գումարներով մեկ անգամ ասֆալտապատում են արել Ախթալայում:

Գումարները, ըստ նրա, ծախսվել է նաև մանկապարտեզի երեխաների սննդի վրա, սակայն կարծում է, որ բնապահպանական վճարները պետք է ծախսվեր մասնագիտացված սննդի ձեռքբերման վրա և բաժանվեր Ախթալայի բնակիչներին:

Չիգիրյանը նաև նշեց, որ հիմնականում քաղաքի բնակիչները դժգոհում են շնչառական խնդիրներից, որը կապված է հանքից դուրս եկող հանքարդյունաբերական փոշու հետ:

«Հանքից դուրս եկող ցանկացած մեքենայի կողքով անցնելիս կարելի է շնչահեղձ լինել, գործարանի տարածքում սարսափելի վիճակ է, հանքից մեքենաները դուրս են գալիս, փոշին հետը»,- ասաց դպրոցի տնօրենը:

Չիգիրյանը նաև նշեց, որ քաղաքում մարդիկ կան, ովքեր աշխատում են հանքում և օրվա հացի խնդիր ունեն՝ մտածելով ավելի լավ է ծուխ կուլ տամ, քան սոված մնամ. «Բայց ես մտածում եմ, որ իմ թոռներն էլ այստեղ ապրեն»:

Նշենք, որ հենց Ախթալա քաղաքի տարածքում գործում է «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ը, որը շահագործում է Շամլուղի պղնձի հանքավայրը:

Հանքաքարի վերամշակման արդյունքում առաջացած արդյունաբերական թափոնները լցվում են Մեծ Այրում և Ճոճկան գյուղերի միջակայքում գտնվող Նահատակի պոչամբար:

Ահա այս ընկերության վճարած բնապահպանական վճարներն են, որ Ախթալա համայնքը չի կարողացել այս տարի ստանալ և 2020թ-ի համար ևս ծրագրեր չի կարողացել ներկայացնել, քանի որ առայժմ օրենքը թույլ չի տալիս, իսկ թե երբ կարվի փոփոխություն, հայտնի չէ:

Գոհար Ստեփանյան

  • 98
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    100
    Shares

Նույն շարքից