Հասարակություն 

Չի ստուգվել աֆրիկյան ժանտախտի և դասական ժանտախտի առկայություն, քանի որ «շիճուկ» չունեն․ ՍԱՊԾ-ի ծիծաղելի պատասխանը՝ ֆերմերին

Տավուշի մարզի Աչաջուր համայնքի բնակիչ Գառնիկը դեռևս 2006-07 թթ-ից խոզ է պահում, երբ 2007-08 թթ-ի խոզերի աֆրիկյան ժանտախտը թափանցեց Հայաստան, նրա խոզերը չվարակվեցին:

Ավելի ուշ՝ 2012, 2015 թթ-ին խոզերն անկեցին աֆրիկյան ժանտախտից և 2018թ-ին նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին անկել է շուրջ 17 գլուխ խոզ և կասկածում է, որ հենց աֆրիկյան ժանտախտ է:

Analitik.am-ի հետ զրույցում Գառնիկը հայտնեց, որ նախ կենդանու փորի տակից է սկսում կարմրությունը, հետո ջերմությունը հասնում է 42 աստիճանի․ «Էդ հիվանդությունն աֆրիկյան ժանտախտ է, ինչ եկել է Հայաստան, Հայաստանից դուրս չի եկել հիվանդությունը»,-ասաց նա՝ հավելելով, որ փորձանմուշներն ուղարկել են լաբորատորիա, որտեղից ծիծաղելի պատասխան է ստացվել, թե չի ստուգվել աֆրիկյան ժանտախտի և դասական ժանտախտի առկայություն, քանի որ ինչ-որ «շիճուկ» չունեն:

Աչաջուրցին համոզված է, որ խոզերն աֆրիկյան ժանտախտից են անկում, սակայն այդ մասին չբարձրաձայնելը ևս հասկանում է, չի հասկանում, թե ինչու որևէ ձևով իրենց չեն աջակցում, չէ որ կորուստ ունեն և այժմ էլ աչաջուրցիներից շատերի նման իր գոմն էլ դատարկ է, մարդիկ վարկեր ունեն՝ պետք է վճարեն:

Ըստ նրա, զանգել է Իջևանի տարածքային Սննդի անվտանգության պետական ծառայություն՝ ահազանգել խոզերի հիվանդության մասին, պատասխանել են, որ հենց սատկեն կգան փորձանմուշ կվերցնեն ու այդպես էլ ոչ եկել են, ոչ ստուգել, երբ եկել են, արդեն գոմում որևէ խոզ չէր մնացել. բոլորն անկել էին:

Դրանից հետո ՍԱՊԾ-ից պատասխանել են, այն էլ երբ նա նամակ-դիմում է գրել վարչապետին, ուղարկել են լաբորատորիայի պատասխանը, որտեղ նշվում է, որ «ախտորոշիչ հավաքածուների բացակայության պատճառով փորձանմուշները չեն ստուգվել խոզերի աֆրիկյան ժանտախտի և դասական ժանտախտի նկատմամբ», իսկ թե ինչից են անկել Գառնիկի խոզերը, լաբորատորիան չի պատասխանել:

Փոխհատուցման համար դիմել են մարզպետարան, հանդիպել են փոխմազպետին, դեռ պատասխան չկա, խոստացել են հուլիսի 1-2-ը պատասխանել, իսկ գյուղում երբ հիվանդ խոզ են տեսնում «խոզի վզին տալիս են, հացերը փակում»:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից