Հասարակություն 

Ջրամբարներն այս տարի ևս լցվածությամբ աչքի չեն ընկնում

Ջրամբարներում այս տարի 41 մլն3 ավելի ջուր կա, քան անցած տարի: Մեկ ամիս առաջ 100 մլն խմ էր ամբարած ջրամբարներում և ոռոգման սեզոնի բացման հետ կապված՝ ջուրն արդեն սպառվում է:

Այսօր լրագրողներին հաղորդեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը: Նա նաև հավելեց, որ ջրամբարներ կան, որոնք դեռևս լցվում են, քանի որ ձնհալը շարունակվում է:

Նշենք, որ Հայաստանում այսօր կա 80-ից ավելի կառուցված ջրամբար, որոնց ընդհանուր տարողությունը շուրջ 1,4 մլրդ խմ է:

Ջրամբարների լցվածությունը 2017 թվականին եղել է 47.3 տոկոս, 2016-ին՝ 58 տոկոս:

Ախուրյանի ջրամբարը հունիսին լցված է 84.3 տոկոսով, Ապարանի ջրամբարը` 68 տոկոսով, խոշոր ջրամբարներից միայն Ազատի ջրամբարն է ամբողջությամբ լցված, տարողությունը՝ 70.0 մլն մ3:

Ջողազի ջրամբարը ևս լցված է, սակայն այն գտնվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանագլխին և այս ջրամբարի ջրից դժվար է օգտվել. ջրամբարի մի կողմում հայկական, մյուս կողմում՝ ադրբեջանական գյուղերն են:

Մելիորատիվ նշանակության ջրամբարներից շահագործվում են «Սեւան-Հրազդանյան-ջրառ», «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ների և ջրօգտագործող ընկերությունների կողմից, իսկ 6 էներգետիկներն ընդգրկված են Սեւան-Հրազդան եւ Որոտանի կասկադների կազմում:

Ոռոգման նպատակով օգտագործվում է 1 մլրդ մ3 ջուր:

Բացի այդ, ջրամբարները բաժանվում են ըստ ռիսկայնության, շահագործման բարձր, միջին և ցածր ռիսկի մակարդակ ունեն հետեւյալ ջրամբարները՝ Ազատ, Ապարան, Ախուրյան, Սպանդարյան, Մարմարիկ, Տոլորս. շահագործման բարձր ռիսկայնություն:

Արփի լիճ, Մանթաշ, Կառնուտ, Ջողազ, Վարդաքար, Սառնաղբյուր, Երևանյան լիճ, Հախում, Կեչուտ, Տավուշ. շահագործման միջին ռիսկայնություն:

Գեղի, Հերհեր, Այգեձոր, Զանգակատուն, Դավիթ Բեկ, Թավշուտ, Հալավար, Սեւաբերդ. շահագործման ցածր ռիսկայնություն։

Այս տարի, Վարդան Մելքոնյանի հաղորդմամբ, Սևանա լճից բաց է թողնվել 29 մլն 3մ, ջուր, իսկ նախորդ տարի՝ 43 մլն 3մ:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից