Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում կառուցվում է «Մասրիկ-1» արևային կայանը՝ ամբողջությամբ մասնավոր ներդրումներով: Կայանի հզորությունը թույլ կտա արտադրել տարեկան 120-150 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա:
Analitik.am-ի հետ զրույցում Մեծ Մասրիկ համայնքի ղեկավար Արմեն Ասատրյանը հաղորդեց, որ համայնքը 97 հա արոտավայր է նվիրատվություն արել ՝ արևային կայանը կառուցելու համար, նախատեսվում է 130 հա, սակայն մնացած 33 հա-ի հարցը դեռևս անորոշ է:
Ըստ նրա, դրա փոխարեն կառավարությունը համայնքին է տրամադրել 80 մլն դրամ, որը համայնքը ծախսել է ասֆալտապատման, տեխնիկայի ձեռքբերման, համայնքի բարեկագրման վրա:
Համայնքապետի խոսքով, իրենք գնել են շարքացան, կոմբայն, տրակտոր, որը տրամադրվում է համայնքի բնակիչներին՝ որոշակի գումարով և անհրաժեշտ գյուղաշխատանքներ կատարելու համար, նաև պատրաստվել է համայնքի կուլտուրայի տան նախագծային-նախահաշվային փաստաթղթերը. կուլտուրայի տունը պետք է հիմնովին վերանորոգել:
Իսկ թե ինչպես է լուծվելու համայնքի արոտների խնդիրը, Արմեն Ասատրյանը նշեց, որ համայնքը 5510 հա արոտվայր դեռևս ունի, նաև հեռագնա արոտավայրեր, թեև բնակիչները սկսել են քիչ օգտվել հեռագնա արոտավայրերից, քանի որ «հիմիկվա հարսները կով չեն կթում», սակայն համայնքի համար բավարար են և 97 հա նվիրատվությունը չի ազդի համայնքի անասնապահության զարգացման վրա:
«Նախկինում հեռագնա արոտավայրեր համայնքից 120 ընտանիք էր գնում, այժմ միայն 12 ընտանիք, անասնագլխաքանակը պակասել է»,- ասաց Արմեն Ասատրյանը:
Մեծ Մասրիկ արևային կյանի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության մեջ նշվում է. «Մասրիկ 1 ՖՎ կայանը գտնվում է Մասրիկի դաշտավայրի կենտրոնական մասում: Մասրիկ դաշտավայրը զբաղեցնում է Մասրիկ գետի հոսանքն ի վար ավազանը: Բարձրությունը ծովի մակերևույթից 1900-2000մ է:
Դաշտավայրն ունի թեքություն դեպի արևմուտք և ծածկված է պինդ ալյուվիալ նստվածքային շերտով: Դեպի արևմուտք, նախկին Գիլի լճի գտնվելու վայրին մոտ կան տորֆի ռեսուրսներ:
Տարածաշրջանում մշակվում է կարտոֆիլ, հացահատիկ, ծխախոտ, բանջարեղեն և այլն: Մասրիկ 1 ՖՎ-ի համար նախատեսվող տարածքը հիմնականում ծածկված է սև հողով, ինչը բնորոշ է բարձրադիր խոնավ հովիտներին և սարահարթներին:
Մոտակայքում գտնվող Մեծ Մասրիկը գյուղական համայնք է 36 կմ2 վարչական տարածքով: Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ:
Մասրիկ 1 ՖՎ կայանի կառուցման հիմնական բնապահպանական ազդեցությունները հետևայլն են`
• Կայանի և ՕԳ շինարարական աշխատանքների ընթացքում կենդանական և բուսական աշխարհի վրա ազդեցությունն անխուսափելի է:
• Կառուցվելու են նոր ճանապարհներ, որի արդյունքում բուսականությունը և որոշ կենդանիների բնակավայրեր կվնասվեն:
• Քանի որ տարածքն ունի հողի հզոր բերրի շերտ, շինարարական աշխատանքների ժամանակ անհրաժեշտ կլինի կտրել և շինհրապարակից, ավտոկայանատեղից հեռացնել հողի բերրի շերտը և պահեստավորել, որի հետևանքով այն որոշ չափով կարող է կորցնել բնորոշ հատկությունները:
• Կառաջանան փոքր քանակությամբ շինարարական թափոններ: Նախագծի հիմնական սոցիալական ազդեցությունները հետևյալն են`
• Մոտեցման ճանապարհների կառուցման, աշտարակների տեղադրման, էլեկտրական լարանցումների ձգման ընթացքում հնարավոր վնասներ արոտավայրերին և անասունների ճանապարհին:
• Մերձակա բնակչությանը պատճառվող անհանգստություն` մեքենաների և շինարարական տեխնիկայի տեղաշարժից»։
Հիշեցնենք, որ վերակագնվող էներգետիկայի շրջանակներում Հայաստանում մի քանի տարի առաջ սկսեցին Փոքր ՀԷԿ-եր կառուցել, որոնք արդեն խնդիր են շրջակա միջավայրի համար. գետերում էկոլոգիական թողք չեն թողնում, նվազել է գետերում ձկների քանակը, գետերի ջուրը որակական փոփոխությունների է ենթարկվել, ջուրը ՀԷԿ-երը վերցնում են՝ ոռոգմանը չտրամադրելով անհրաժեշտ քանակի ջուր և այլն:
Վերականգնվող էներգետիկայի առաջին ալիքը հարված հասցրեց շրջակա միջավայրին, իսկ երկրորդ ալիքը՝ արևային կայանները, երևի թե սպառնալու են գյուղնշանակության հողերին: Եվ քանի որ արդեն Հայաստանը գյուղնախարարություն որպես այդպիսին չունի, ուստի զարմանալի չէ, որ գյուղնշանակության հողեր ևս ոչ ոքի պետք չեն:
Գոհար Ստեփանյան