Աշոցքի տարածաշրջանում հուլիսի 1-ի ցրտահարությունից տուժել է հիմնականում 4 գյուղ. Բավրա, Զույգաղբյուր, Սիզավետ և Սարիգյուղ համայնքները. ցրտահարվել է կարտոֆիլի և հնդկացորենի ցանքատարածքները:
Այս մասին Analitik.am-ի հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը: Նա նաև նշեց, որ այսօր առավոտյան տարածաշրջան են այցելել մարզպետարանի մասնագետները՝ ծանոթանալու ցրտահարության հետևանքներին և կազմելու վնասված ցանքատարածությունների ցանկը:
«Ցրտահարվել է հնդկացորենի մոտ 7 հա տարածք և կարտոֆիլի 10 հա: Կարտոֆիլը ցրտահարվել է 50-ից 100 տոկոս, իսկ հնդկացորենը պետք է երկուշաբթի ևս մեկ անգամ նայենք՝ հետո պարզ կլինի»,-ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ հնդկացորենի վարսանդը դեռևս կանաչ է և եթե 3 օր ևս կանաչ մնաց՝ չի ցրտահարվել, եթե սևացավ՝ վնասվել է:
Ինչ վերաբերում է գարու և ցորենի ցանքատարածություններին, ասաց, որ հացահատիկը մինչև մինուս 20 աստիճան դիմանում է և չի ցրտահարվում:
Հարցին, թե արդյո՞ք նման ցրտահարություն գրանցվել է տարածաշրջանում նախկինում, Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչն ասաց, որ այս, թեև վերջին մի քանի տարին չի գրանցվել բացասական, սակայն բացասական ջերմաստիճաններ հուլիս-հունիսին գրանցվում են․ «Անգամ ցրտահարություն գրանցվում էր Գյումրիում, Անիում, Արթիկում, բայց այս տարի հյուսիսային շրջանում»,-ասաց նա:
Մանուկյանը նշեց նաև, որ Աշոցքի մի քանի գյուղերում ևս մասնակի ցրտահարությւոններ են եղել, սակայն կարտոֆիլը վերականգնվելու հատկություն ունի և մասամբ կվերականգնվի: Ըստ նրա, Աշոցքում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, թեև խորհրդային տարիներին մինչև 10-15 հազար հա հացահատիկ է մշակվել, իսկ այժմ շատ քիչ:
Ինչ վերաբերում է ծխահարությանը, ասաց, որ հնդկացորենը մշակվում է սարի գլխին և անհնար է ծխահարել, այն մշակում են 2200 մետր բարձրության վրա: Մանուկյանի խոսքերով տարածաշրջանը ավելի շատ կարկուտից է տուժում և միայն այս տարվա հունիս ամսին 4 անգամ կարկուտ է եկել միայն հունիսի 4-ի կարկուտի վնասները հաշվարկվել է 560 մլն դրամ և 2000 հա վնասված ցանքատարածություն, իսկ մնացած երեք կարկուտի վնասները հաշվարկվում են. ծավալն այնքան մեծ է վնասների, որ դանդաղ են աշխատում․ «Ամենավտանգավորը հուլիսի ամիսն է կարկուտի համար, եթե հանկարծ կարկուտ եկավ՝ 100 տոկոսով բերքը կոչնչացնի»,-ասաց Մանուկյանը:
Գոհար Ստեփանյան