Հասարակություն 

«Ինչու՞ եք լուծարում» հարցը ստանում է երևակայական պատասխան՝ որովհետև մենք հաղթել ենք

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման վերաբերյալ՝ վերջին անգամ.

Հայաստանում զսպումների և հակակշիռների համակարգ երբեք չի եղել: Ցանկացած իշխանություն, որպես կանոն, կարողացել է իր ընդդիմախոսներին հաղթել: Բայց իշխանության քայքայումը հենց մոլեկուլյար գործընթաց է, և այն ամբողջանում է միայն տարբեր տեղային դժգոհությունների համակցմամբ: Այսինքն, հնարավոր է առանձին վերցրած բոլորին էլ հաղթել, բայց դրանից բխող դժգոհությունը երկարաժամկետ հեռանկարում հանգեցնելու է քայքայման:

Այս իմաստով ԵՊՀ-ի օրինակը լավագույնն է: Թեև խորհրդանշանակ իմաստով հեղափոխությունը սկսվել էր հենց ԵՊՀ-ից, այնուամենայնիվ իշխանությունները իրենց մի քանի քայլով արդեն հասցրել են վայելել համալսարանական լայն շրջանակների անվստահությունը: Քայլերից մեկը Արամ Սիմոնյանին վերակենդանացման բաժանմունք հասցրած մարդկանց գործողություններին ուղղակիորեն աջակցելն էր, մյուսը Ուսանողների խորհրդի լուծարմանն ուղղված անհաջող սադրանքն էր, հիմա էլ՝ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի անօրինական ճանապարհով լուծարումը: Ի վերջո, բացի ՈՒԽ-ի դեպքից, մնացածում իշխանությունները հասել են իրենց նպատակին, բայց խնդիրը վճարված գինն է, որն ավելի բարձր է, քան ստացված օգուտը: Որպես արդյունք՝ ունենք բավականին լայն շրջանակի դժգոհություն, որը երկարաժամկետ հեռանկարում հանգեցնելու է քայքայման և լեգիտիմության ճգնաժամի: Ինչպես, նախորդ ռեկտորի դեպքում հանգեցրեց: Եվ դա սարերի ետևում չէ:

Շատ խոսվեց մեյլերով ստորաբաժանում լուծարելու անընդունելիության մասին: Թերևս դա ամենակարևորը չէր: Ի վերջո, եթե կա քաղաքական որոշում, չլիներ հիմա, կլիներ սեպտեմբերին կամ հոկտեմբերին հոգաբարձուների խորհրդի նորմալ նիստով: Խնդիրը ավելի շատ նպատակին հասնելու համար միջոցներում խտրականություն չդնելու և «փաստարկի ուժը» «ուժի փաստարկով» փոխարինելու ազատության մեջ է: Խնդիրն այն է, որ «ինչու՞ եք լուծարում» հարցը ստանում է երևակայական պատասխան՝ որովհետև մենք հաղթել ենք: Միջնադարին հատուկ այս «նվաճողի իրավունքի» իրացումը երբեք լավ ապագայի չի բերելու: Թերթե՛ք պատմության էջերը:

Վերջում խնդրի մեկ այլ դիտանկյուն էլ ավելացնեմ: Այն մարդիկ, ովքեր Արամ Սիմոնյանի կողմից մայիսի 23-ին հրավիրված գիտխորհրդի նիստի՝ նախապես ծանուցված չլինելու հանգամանքը դարձրել էին հայոց հարց, այս անգամ ոչ մի ծպտուն չհանեցին: Ի վերջո, երկու դեպքն էլ կանոնակարգի խախտում է, և եթե սկզբունքային մարդ ես, երկու դեպքում էլ պետք է նույնը ասես: Բայց չէ, ինչպես ասում են՝ յուրայիններին՝ ամեն ինչ, իսկ հակառակորդներին՝ օրենք:

ԵՊՀ ուսանողական խորհրդի փոխնախագահ Դավիթ Մաթևոսյան

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից