Արդեն տևական ժամանակ է հանրության ուշադրությունը բևեռված է Արարատի մարզի Հովտաշեն գյուղի արագիլների խնդրին: Արագիլները պատված են մուգ, յուղանման շերտով և չեն կարողանում թռչել, հետևաբար կերակրել ձագերին. թռչունները վտանգված էին:
Արդեն որոշակիորեն հստակեցվել է խնդիրը, այն է՝ Հովտաշեն և հարակից գյուղերի մերձակայքի ջրային հոսքերի, մասնավորապես Սիսի ջրանցքի մեջ հայտնվել են ձկների փորոտիք և թափոններ, հատկապես յուղային սաղմոնազգիների, և ջուրը յուղապատվել է:
Արագիլները, որոնք տարածքում սնունդ են փնտրում, յուղոտվել են, իսկ փոշին ծածկել-կպել է փետուրներին՝ թռչուններին զրկել օդ բարձրանալու հնարավորությունից:
Analitika.m-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանության հիմնադրամի ղեկավար Մանուկ Մանուկյանը՝ նշելով, որ բնապահպանության և ընդերքի տեսչությունն արդեն ուսումնասիրություններ է կատարել տեղանքում, ջրից նմուշներ է վերցրել և այժմ սպասում են լաբորատոր հետազոտությանը, որպեսզի վերջնականապես պարզ լինի, թե ինչից են արագիլները յուղապատվել և չեն կարողանում թռչել:
«Հովտաշենի գյուղապետն օրը երկու անգամ կերակրում է արագիլներին, ձուկ է տալիս»,-ասաց Մանուկյանը:
Հարցին, թե արդյո՞ք արագիլների շրջանում անկում գրանցվել է, քանի որ նախնական նման տեղեկություններ կային, պատասխանեց, որ ինքը տեղյակ չէ և ականատես չի եղել, սակայն չբացառեց, որ անկումներ եղած լինեն:
«Ջրի մեջ յուղի քանակությունն այնքան շատ է, որ արագիլների անկում չի բացառվում»,-ասաց նա՝ հավելելով, որ յուղը, երևի, տարիներով է կուտակվել և մեկ օրվա թափված չէ:
Ինչպես նշեց Մանուկյանը, տարածքը և ջրային հոսքերն աղտոտված են նաև կենցաղային աղբով, իսկ ջրերի վրա երևում է բուսական կամ կենդանական յուղի շերտ՝ ակնհայտ է, որ ջրում տեխնիկական յուղի հետքեր չկան:
Նշենք, որ Դեպի կայուն էկոհամակարգեր ՀԿ-ն և Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանության հիմնադրամի անդամներն արդեն եղել են Հովտաշեն գյուղում, մաքրել են արագիլներին, նաև ուսումնասիրել տեղանքը՝ գտնելու ջրերի աղտովածության աղբյուրը:
Եվ եթե պարզվի ձկնաբուծարանների թափոններն են հայտնվել ջրերում, արդեն, ըստ Մանուկյանի, պետք է պարզել, թե արդյոք ձկնաբուծարանները նման իրավունք ունեն և եթե ոչ՝ ինչ միջոցներ պետք է ձեռնարկի պատկան մարմինը:
Մանուկյանը նաև նշեց, որ մի քանի օրից ևս իրենց հիմնադրամի անդամները, կամավորներ դարձյալ այցելելու են Հովտաշեն՝ տեղեկանալու արագիլների վիճակի մասին և անհրաժեշտ օգնություն ցույց տալու արագիլներին:
Նշենք, որ բնապահպանության և ընդերքի տեսչությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված է վարչական վարույթ։ Թռչունների աղտոտվածության պատճառը՝ Հովտաշեն համայնքի շրջակայքի ջրային տարածքներում առկա յուղային շերտի առկայությունն է։
Տեղանքի ջրային տարածքներից կատարվել են լաբորատոր հետազոտություններ, այդ թվում՝ Հրազդան գետի տարբեր հատվածներից, շրջակա ջրանցքներից։
Ուսումնասիրության և գետերում առկա նյութերի հետ նույնականացման նպատակով յուղոտված փետուրներով արագիլի առանձնյակը տեղափոխվել է ԳԱԱ Կենդանաբանության հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ։
Ուսումնասիրություններ են կատարվում այն տնտեսավարող սուբյեկտների մոտ, որտեղից կարող է հնարավոր լինել վերոնշյալ նյութերի արտահոսքը։
Աղտոտման հիմնական աղբյուրի հայտնաբերմանն ուղղված աշխատանքները շարունակվում են։
ԳԱԱ Կենդանաբանության հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ-ի և Տեսչական մարմնի լաբորատոր հետազոտությունների արդյունքների համադրման և ամփոփման ավարտից հետո նախապատրաստված նյութերը կփոխանցվեն իրավապահ մարմիններին։
Գոհար Ստեփանյան