Պատահարներ 

Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Երևանում. վիրավորներից մեկը «Լեոպարդ» խանութի սեփականատերն է

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, կրակոցներ են տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի 34 շենքի բակում կրակոցներ են հնչել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայրից հրազենային վնասվածքներով Աստղիկ բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության մայոր Վահե Մուշեղյանի գլխավորությամբ:

Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վրաչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Գարեգին Հովհաննիսյանի, նույն բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արսեն Վարդանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Հարություն Միքայելյանի, Հենրիկ Քարդաշյանի և ավագ քննիչ Ալլա Հովակիմյանի գլխավորությամբ:

Ոստիկաներն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են Toyota Highlander մակնիշի ավտոմեքենան, որի վրա առկա են բազմաթիվ կրակոցների հետքեր: Ավտոմեքենայի դրսում և ներսում հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ դեպքի վայրից քիչ հեռավորության վրա հայտնաբերվել են ինքաձիգից արձակված բազմաթիվ պարկուճներ:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Դեպքի վայրւոմ հավաքվածներն ասում էին,որ վիրավորներից մեկը «Լեոպարդ» խանութի սեփականատերն է:

Փաստի առթիվ Մալաթիա-Սեբաստիա քնննչական բաժնի պետ Գ. Հովհաննիսյանի կողմից ստեղծվել է քննչական խումբ, որտեղ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նույն շարքից