Առողջապահություն 

Փակվելու է 9 ծննդատուն․ Պարզաբանում է Արսեն Թորոսյանի տեղակալը

«Հարգելի քաղաքացիներ,

Մի շարք մարզային կազմակերպությունների ծննդօգնության բաժանմունքների պետական պատվերի տեղադրման մերժման մասով անհրաժեշտ եմ համարում պարզաբանել ստեղծված իրավիճակը.

Բժշկական ծառայությունների, այդ թվում ծննդօգնության ծառայության կազմակերպման վերաբերյալ որոշումներ ընդունելիս առողջապահության նախարարությունը բացառապես առաջնորդվում է իր կանոնադրական նպատակների և խնդիրների իրագործմամբ` տվյալ դեպքում մոր և մանկան առողջության պահպանմամբ և հիվանդացության, մահացության ցուցանիշների նվազմամբ:

Հենց այս նպատակների իրագործման համատեքստում թվով 9 մարզային առողջության կենտրոնների մասով 2020 թվականի համար պետական պատվերի տեղադրման հանձնաժողովի կողմից (որի նախագահը հանդիսանում եմ ես) կայացվել է մերժման որոշում մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունների մասով, որը զեկուցվել է նախարարին և հանձնաժողովի որոշումների հիմքով արձակվել են նախարարի համապատասխան հրամանները:

Այսպես, 2018 թվականին, Հայաստանում նորածնային (0-27 օրական երեխաներ) մահերը 182-ն են, մեռելածինները` 623:

Ցավով պետք է նշեմ, որ 2019-ին արձանագրվել է 13 մայրական մահ:

Կոչ եմ անում մարզային տվյալ հաստատությունների աշխատակիցներին չշահարկել այն, թե իրենց մոտ մայրական մահ չի արձանագրվել: Ոլորտի ցանկացած մասնագետի համար պարզ է, որ հղիության ժամանակ բարդությունների առաջացման և դրանց իդենտիֆիկացման դեպքում ծննդկաններն ուղղորդվում են Երևանում տեղակայված 3ա և 3բ մակարդակ ունեցող ծննդատներ, որտեղ ինչպես թվերը ցույց են տալիս, ոչ միշտ է հնարավոր լինում փրկել մոր և մանկան կյանքը և առողջությունը:

Պատճառները բազմաթիվ են և դրանց թվին է դասվում նախածննդյան շրջանում բարդությունների, պաթոլոգիաների ուշացած հայտնաբերումը, ոչ ճիշտ ժամանակին ուղղորդումը դեպի նեղ մասնագիտացված կենտրոններ:

Չստորադասելով և չնվազեցնելով յուրաքանչյուր բժիշկի մասնագիտական ներուժն ու որակները՝ անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ ընդունած ծնունդների փոքր թիվը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն հանգեցնում է նաև անձնակազմի մասնագիտական որակավորման կորստի։

Աչաջրի առողջության կենտրոնում 2018-ին ընդունվել է թվով 88 ծնունդ, իսկ 2019-ի առաջին 11 ամիսների ընթացքում 75 ծնունդ։ Այստեղից պարզ է դառնում, որ 4-5 օրը մեկ ընդունվում է 1 ծնունդ: Ավելին` կենտրոնում չկա վիրահատարան, չկա ինտենսիվ թերապիայի ծառայություն, չկա անեսթեզիոլոգ և նեոնատոլոգ:

Սա ինքնին պոտենցիալ վտանգ է ներկայացնում թե ծննդկանի, թե նորածնի համար, քանի որ ցանկացած ծննդաբերություն՝ նույնիսկ չբարդացած, կարող է ունենալ անկանխատեսելի ընթացք, և պահանջում է համապատասխան որակավորում ունեցող մասնագիտացված բուժանձնակազմի անհապաղ միջամտություն։

Տվյալ կենտրոնի օրինակով ծառայությունը չպետք է գործեր դեռևս 2019-ին, սակայն կազմակերպությանը տրվել է 1,5 տարի ժամանակ՝ բարձրացնելու ծնունդների թիվը և ծննդօգնության կազմակերպման համար կենսական անհրաժեշտություն ներկայացնող պայմաններ ապահովել:

Առանձնահատուկ նշեմ, որ պետությունը ի դեմս առողջապահության նախարարարության որևէ ֆինանսական տնտեսում չի իրականացնում տվյալ որոշումների պարագայում, քանի որ ցանկացած ծննդօգնության դեպք փոխհատուցվում է և շարունակվելու է փոխհատուցվել Հայաստանի բոլոր քաղաքացիների համար: Այսինքն, նույն Աչաջրի բնակիչը երբ ծննդօգնություն է ստանում հանրապետության որևէ կենտրոնում, այսպես թե այնպես պետությունը փոխհատուցում է տվյալ կենտրոնին համապատասխան գումարը:

Ավելին` միայն առողջապահական բաղադրիչի ապահովման մասով դեմոգրաֆիկ ցուցանիշները խթանելու, ծնելիության մակարդակը բարձրացնելու համար կառավարությունը 2020-ի համար առողջապահական բնագավառին հատկացրել է հավելյալ 1,9 մլրդ դրամի միջոցներ, որի շնորհիվ իրականացվելու են մի շարք առողջապահական համալիր միջոցառումներ՝ ծնելիության բարձրացմանն ուղղված:

Ինչ վերաբերում է տվյալ 9 կենտրոնների ծննդօգնության ծառայություններին, պետք է արձանագրել, որ դրանք ֆինանսական առումով ավելի քան ծախսարդյունավետ չեն, այսինքն՝ պետությունից ստացված ծննդօգնության փոխհատուցման գումարները նման փոքր ծավալների դեպքում չեն բավարարի նույնիսկ պատշաճ կադրային և տեխնիկական ապահովածություն ունենալու համար:

Նման կենտրոններին առաջարկում եմ զարգացնել շտապ բժշկական օգնության ծառայությունը` հենց նույն ծննդկաններին առավել մասնագիտացված ծննդօգնության ծառայություն ունեցող կենտրոններ հասցնելու նպատակով, որի դիմաց բոլոր կենտրոնները ստանում են և կստանան անհրաժեշտ պետական ֆինանսավորում:

Ամփոփելով վերոգրյալը, խնդրում եմ հանրության և հասարակության բոլոր ներկայացուցիչներին չշահարկել, չքաղաքականացել և չխեղաթյուրել իրականությունը, քանի որ խոսքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` մայրերի և երեխաների կյանքի և առողջության մասին է:

Ինչ վերավերում է համապատասխան բժշկական անձնակազմին, ապա առողջապահության նախարարությունը հայտնում է իր պատրաստակամությունը՝ փորձելու օգնել այլ բժշկական կենտրոններում և/կամ/ միջին բուժանձնակազմի մասով նույն կենտրոնի այլ ծառայությունում աշխատանք գտնելու հարցում»։

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի տեղակալ Արտյոմ Սմբատյան

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ տեղեկությունների որոշ բժշկական կենտրոններ փակվելու են, այդ թվում Մարալիկի, Աչաջրի, Վարդենիսի, Մասիսի և այլն։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից