Մշակույթ 

Մահացել է կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը

Ապրիլի 24-ի առավոտյան, Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս-Անջելես քաղաքում մահացել է ԽՍՀՄ ժող. արտիստ, մեծանուն հայ կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը: Նշենք, որ հուլիսի 29-ին Կոնստանտին Օրբելյանը կդառնար 86 տարեկան:

 


    Կոստանտին Աղապարոնի Օրբելյանը ծնվել է 1928 թվականի հուլիսի 29-ին Արմավիր քաղաքում: Կոստանտինի երաժշտական ընդունակություններն ի հայտ եկան դեռևս վաղ մանկուց: Կոստանտինի ավագ եղբայրը` Գարին, հաճախ ստեղծագործում էր դաշնամուրով և լսողությամբ կատարում էր այն ժամանակ արդիական համարվող երգերի մեղեդիները: Որքան մեծ էր նրա զարմանքը, երբ հնգամյա կրտսեր եղբայրը հեշտությամբ նվագում էր Գարիի կատարմամբ հնչած երաժշտությունը:



    Ընդունակ տղային ընդունեցին Բաքվի կոնսերվատորիային կից շնորհալի երեխաների դպրոց: Սակայն Կոստանտինին վիճակված չէր երկար ուսանել: 1936 թվական… երկրում տիրող արյունալի հալածանքները հարվածեցին նաև Օրբելյանների ընտանիքին. ձերբակալվեց, այնուհետև գնդակահարվեց հայրը` Աղապարոն Սուլթանի Օրբելյանը, երկու տարի անց` 1938 թվականին, ձերբակալվեց և 5 տարով ստալինյան ճամբարի դատապարտվեց մայրը` Սոֆյա Միքայելի Աթարբեկովան: Նրան արդարացրին միայն 1953 թվականին: Գարին և Կոստանտինը մնացին միայնակ` միաժամանակ դառնալով հասարակության աքսորյալներ,«ազգի թշնամիների զավակներ»:


    Կոստանտինին անմիջապես հեռացրեցին «հեղինակավոր» երաժշտական դպրոցից: Սակայն անհրաժեշտ էր որևէ կերպ գոյություն պաշտպանել: Գարին ընդունվեց դպրոց` որպես ուսուցիչ, իսկ 11 ամյա Կոստանտինը գումար էր վաստակում` մարզային «Буревестник»-ի մարմնամարզիկներին նվագակցելով: 1940-ին Գարիին զորակոչեցին բանակ: Մեկ տարի անց սկսվեց պատերազմը: 1942 թվականին Կոստանտինին` որպես դաշնակահար և ակորդեոնահար ընդունեցին 8-րդ օդաչվական կորպուսի ջազային բաժին, ուր ձևավորվեց այն ժամանակահատվածի համար լավ երաժշտական խումբ: 14 ամյա երաժիշտը դարձավ զինվորական նվագախմբի սանը: Մի օր հյուրախաղերով ժամանեց Երևան: Հայ ջազ երաժիշտներն իրենց համար «բացահայտեցին» երիտասարդ ստեղծագործողին: Տաղանդավոր երաժշտի վրա ուշադրություն դարձրեց և որոշեց իր խումբ հրավիրել Հայաստանի էստրադային նվագախմբի հիմնադիր և ղեկավար Արտեմ Այվազյանը: Իրենց համատեղ աշխատանքի սկզբն Օրբելյանը միշտ հումորով է մտաբերում:



   1945 թվականից ի վեր Կոստանտին Օրբելյանը սկսում է փորձարկել իրեն ոչ միայն որպես դաշնակահար, այլև` կոմպոզիտոր: 1948 թվականին Մոսկվայում նվագախմբի հետ հյուրախաղերի ժամանակ Օրբելյանին աջակցեցին այն ժամանակվա երաժշտական աշխարհի աստղեր Ա. Ցֆասմանը և Վ. Լյուդվիկովսկին, որը հետագայում դարձավ Կոստանտինի ընկերը: Նույն թվականին Օրբելյանն ստանում է հանրահայտ Ուտյոսովի ջազային գործունեության մեջ ընդգրկվելու առաջարկը: Որքան էլ որ հեռանկարները գայթակղիչ էին թվում, Կոնստանտինը հրաժարվեց` հօգուտ Այվազյանի առաջարկի` ստանձնել Հայաստանի էստրադային նվագախմբի դիրիժորի պաշտոնը: Չնայած այդ տարիներին ԽՍՀՄ-ը փակ էր ջազի համար, վերջինիս մասին որոշակի հոսք այնուամենայնիվ տեղի էր ունենում: Կոստանտինը, ինչպես և այդ տարիների երաժշտամոլները, սպառնալով իր իսկ ազատությանը, ապօրինի կերպով արևմտյան երաժշտության սկավառակներ էր ներկրում:


   1956 թվականը նշանակալի տարի էր Կոստանտինի համար: Երիտասարդ երաժիշտը դարձավ ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ: Առաջինն իրականացրեց ժամանակակից ջազի և ազգայինի միահյուսման սկզբունքները: Նույն թվականին հյուրախաղերի ժամանակ Օրբելյանը ծանոթացավ Միշել Լեգրանի հետ: 1957 թվականին իր ծննդյան օրվա առթիվ Կոստանտինն ստացավ իր կյանքի ամենաթանկ նվերը. զարմանալի կերպով գտնվեց նրա եղբայր Գարի Օրբելյանը, որին զոհված էին համարում:


    1960 թվականի վերջին Օրբելյանը վճռեց որոշ ժամանակով թողնել նվագախումբը, որի հետ առնչվող ծանրաբեռնվածությունը թույլ չէր տալիս ավարտել ուսումը: Դիմպլոմային աշխատանքի համար տրամադրված տարվա ընթացքում Օրբելյանը գրեց սիմֆոնիա: Յուրաքանչյուր երաժշտի համար դա ստեղծագործական կյանքի գագաթնակետն է, և Կոստանտինի կոմպոզիտորական կյանքում դարձավ ամենաերջանիկ իրադարձությունը: Օրբելյանին հատուկ տաքարյուն ու միաժամանակ մեղմ երաժշտությունը զմայլեց ինչպես երաժիշտներին, այնպես էլ` ունկնդիրներին: Օրբելյանի սիմֆոնիան բազմիցս հնչել է Երևանում և Մոսկվայում: 1962 թվականին շնորհեցին Մոսկվայում կայացած երիտասարդ կոմպոզիտորների Համամիութենական մրցույթ-փառատոնի բարձրագույն պարգև: Այնուհետև սիմֆոնիան ձայնագրվեց և կատարվեց Պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից` Յուրի Արանովիչի ղեկավարությամբ: Հետագայում այն հնչեց նաև բազմաթիվ այլ երկրներում:

1961 թվականին Կոստանտին Օրբելյանը կոնսերվատորիան ավարտելուց հետո վերադարձավ նվագախումբ: Հայկական ջազը դուրս եկավ միջազգային բեմահարթակ: 1966 թվականին Չեխոսլովակիայում Խորհրդային Միության մշակութային ծրագրի շրջանակներում կայացավ նվագախմբի առաջին հյուրախաղն արտերկիր:

 


70 ականներից ի վեր Հայաստանի նվագախումբը հռչակ ձեռք բերեց ԽՍՀՄ-ում և արտերկրում: Նվագախումբը ելույթ ունեցավ աշխարհի լավագույն բեմերում հանրահայտ ջազ նվագախմբերի հետ համատեղ: Ելույթները հաճախ մրցակցային բնույթ էին կրում: Հայ երաժիշտներն առաջին անգամ այդպիսի փորձություն անցան 1973 թվականին ԳՖՀ-ում Խորհրդային մշակույթի օրերի ժամանակ: Նրանք ստիպված էին վեց ժամվա ընթացքում հերթով նվագել ամենահանրահայտ նվագախմբերից մեկի` Քյոլնի ռադիոյի և հեռուստատեսության նվագախմբի հետ Վերներ Մյուլլերի ղեկավարությամբ: Հանդիսատեսն ու մամուլը համակարծիք էին. հայ կատարողները գերազանցեցին արտերկրյա գործընկերներին:



   Հայաստանի պետական էստրադային նվագախումբը 36 տարի ղեկավարելու ընթացքում Կոստանտին Օրբելյանը ոչ միայն պահպանեց երկարակյաց-նվագախումբը, այլև անցած տարիների բիգ բենդից Հայաստանի նվագախումբը վերածվեց ջազային ժամանակակից նվագախմբի` մշտապես նրբորեն զգալով այնպիսի անորսալի և փոփոխական ուղղությունը, ինչպիսին ջազն է: Եվ այս ամենը` շնորհիվ Օրբելյանի կողմից նվագախմբի ներսում ժամանակին իրականացված բարեփոխումների, գործիքային կազմի ձևափոխումների, երգացանկի մշտական թարմացման և կատարողականության փոփոխման, ինչպես նաև` ջազային իմպրովիզացիաների ոգին որսացող կատարողների բծախնդիր ընտրության: Կոստանտին Օրբելյանն անբացատրելի կերպով կարողանում է զգալ շնորհալի կատարողներին: Զուր չէ նվագախմբի մասին «տաղանդների գանձարան» բնութագրումը: Այդ ընթացքում նվագախումբը համաշխարհային հռչակ ձեռք բերեց: Ընդլայնվեց երգացանկը. ժողովրդական երգերի պարզ մշակումներից և պարերից ընդհուպ մինչև ամենաժամանակակից և ամենաբարձրակարգ գործիքային կատարումները:

 1992թ. մեկնել է ԱՄՆ և բնակություն հաստատել Սան-Ֆրանցիսկոյում: 2012թ. պարգևատրվել է ՀՀ Պատվո շքանշանով:

Նույն շարքից