Հասարակություն 

Գևորգ Բաշինջաղյան

analitik.am

Ֆրանսիայի մայրաքաղաքը պատմականորեն բարեհաճ էր հայերի նկատմամբ: 591թ. հայ եպիսկոպոս Սիմոնն այցելում է Տուրի Մայր տաճար, և այդ այցը նրա հայրենակցի «առաջին շրջագայությունն» էր Ֆրանսիայում: Բայց ինքը` նկարիչը, այնքան էլ համաձայն չէ սրա հետ. 5-րդ հարյուրամյակով թվագրվող Սբ. Գևորգ եկեղեցին Տալարում կառուցել են հենց հայերը:

Հայկական կտավներն աշխարհին առավել լիարժեք ներկայացնելու նպատակով Գևորգ Բաշինջաղյանը` առաջինը նկարիչներից, կտրում-անցնում է աստվածաշնչյան երկիրը լայնքով ու երկայնքով: Նոր ծնվող մոդեռնիզմի գաղափարներն, իհարկե, հրապուրում են նրան, բայց ի վիճակի չեն նրան ներքաշել վրձնահարվածների մթին թավուտները. 20-րդ դարը թակում է ազգային հյուղակների պատուհաններն իր մեծապետական բռունցքով, և անհրաժեշտություն կա վավերագրորեն պատկերել կոպիտ հարյուրամյակով չապականված Նախաստեղծը. երկինքը, լեռները, լճերը, անտառները, տաճարները, մարդկանց... Հայ գլխավոր վավերագրողը լինելով` նա առաջինն է նկարում բիբլիական Արարատը բնօրինակից...

Անհատական ցուցահանդեսին Փարիզում նա պատրաստվում է միսիոների նման: Լատինկան թաղամասի բուկինիստական բազմաթիվ կրպակներից մեկում ձեռք է բերում «Հիշողություններ փառապանծ ասպետ Ֆրոմոնի մասին»-ը. հեռավոր 9-րդ դարում ուխտագնացն այցելել է «սուրբ վայրեր», այդ թվում և Հայաստան` քավելու մեղքը Տիրոջ առաջ: 

 

Նկարչի կինը` Աշխենը, չի հասցնում կարգի բերել գրադարանը. խանդավառված Գևորգն ամեն օր տուն է բերում ֆրանսիացի գրողների «նորանոր ստեղծագործություներ», որոնցում հայերի կերպարներ կան. Կոռնելի, Փոլ Սկարենի, Մոլիերի, Կրիբինիոնի, Վոլտերի, Ռուսոյի, Մոնտեսքիյոյի դրամաները... Նա այցելում է Սեն Դընիի թագավորական գերեզմանատուն, որտեղ ֆրանսիական միապետերի շիրիմների կողքին հանգչում է նաև Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Լուսինյանի աճյունը. 1393թ. փարիզցիներին զարմացնում է արտաքսման մեջ վախճանված հայոց արքայի հանդերձանքի և պատանքի կատարյալ ճերմակությունը ճոխ թաղման ժամանակ...

Ժամանակի հետ գեղանկարչի ռազմավարությունը ձեռք է բերում ավելի հստակ ուրվագծեր. նա 

մտադրվում է անհատական ցուցահանդես բացել «հայկական Փարիզում», որի ներկապնակի միջով էլ հնարավոր կլինի թակել ունայն աշխարհի դռները: Կամ, ծայրահեղ դեպքում, վերածնել հայոց ներկայության` կրապ բուրող երբեմնի ոգին: Այս ներկանյութը լավ ծանոթ է նկարչին, այն նաև ալիզարին անունն ունի, արտադրվում է Ֆրանսիայում, հայ Հովհաննես Ալթունյանի ջանքերով, որը հայտնի է Ժան Ալթոն անունով: Նրա շնորհիվ են Ֆրանսիայում հայտնվել նաև հայերեն տպատառերը. Լյուդովիկոս 13-րդի առաջին նախարար Արման Ժան դյու Պլեսին օժանդակել է հայ գրականության հրատարակմանը, 1633թ. Փարիզում, Թագավորական տպագրատանը, լույս է տեսնում հայ-լատիներեն բառարանը: Կարդինալ Ռիշըլիեն իսկապես բարեհաճ էր հայերի նկատմամբ. հատուկ կարգադրությամբ նա հայերին արտոնություններ է տրամադրում առևտրային գործունեության համար: Ավելի ուշ, 1672թ., ոմն Պասկալ Հարությունյան մայրաքաղաքի Սեն Ժերմեն շրջանում բացում է Ֆրանսիայում առաջին սրճարանը. Բուրբոնները հավանում են ըմպելիքը, և շուտով Փարիզը սկսում է բուրել ոչ միայն հայկական կրապով, այլև սուրճով:

Փարիզում իր առաջին անհատական ցուցահանդեսին նկարիչը պատրաստվում էր իբրև արևելագետ: Եվ զարմանալի չէ. արևելագիտության հիմնադիրներից մեկը Ֆրանսիայում հայ Պիեր դը Պինն էր, իսկ Լյուդովիկոս 14-րդի խորհրդատուների թվում հատուկ տեղ էին զբաղեցնում հայերը: Ժամանակագրությունը տեղեկություններ է պահպանել նաև հայկական ծագմամբ հրացանակրի` ոմն Ֆիլիպ դը Զագլիի մասին: 

Մի շարք հետազոտողների կարծիքով` այս հրացանակիրը, որն, իմիջիայլոց, անհոգ կյանք էր վարում թագավորի շքախմբում, դարձել է գրեթե հայկական ազգանուն ունեցող հանրահայտ գասկոնցու նախատիպը: Արտաքնապես Գևորգ Բաշինջաղյանը շատ նման էր թագավորական հրացանակրի, ազգանունն էլ հրացանակրին վայել էր: Բայց միայն արտաքնապես...

Գեղանկարչի ներաշխարհը հրաբխի նման քնած էր հայրենի Հայաստանում` Փարիզում արթնանալու հույսով. ներսից նրան սնող մագման թեժ լավայի նման ժայթքեց Ֆրանսիայում ստեղծած 30 կտավներում: Բայց մոդեռնիստական Փարիզի պայմաններում ցուցահանդեսի հաջողությունը (ինչն, ինքնըստինքյան, նշանակալի երևույթ է) չի գոհացնում  նկարչին, բայց հնարավորություն է տալիս ուշադրություն դարձնել մեկ այլ բանի վրա. անհրաժեշտ է Հայաստանը ցույց տալ հենց հայերին: 

 

Մի ազգի, որը պատմական հանգամանքների բերումով քաղաքականապես բաժանված է կայսրությունների միջև և իր կյանքի ընդհանուր պատկերը` անսահման պատկերը ներկայացնելու խիստ կարիք ունի:

1901թ. աշնանը Գևորգ Բաշինջաղյանը որոշում է իր ստեղծագործությունը նվիրել ազգային համախմբման գաղափարին. նա թողնում է Փարիզը և ընտանիքով, կնոջ` Աշխեն Քաթանյանի և երեք երեխաների հետ վերադառնում Թիֆլիս: Հենց այս քաղաքում, հեռավոր 1883-ին, մեծն Միխայիլ Կլոդի աշակերտը բացում է առաջին անհատական ցուցահանդեսը: Դա տեղի է ունենում Հայաստան` Սևանա լիճ, Մուղնիի տաճար, Անի, Աշտարակ, Վաղարշապատ, բիբլիական Արարատ, առաջին ճամփորդությունից հետո...

Նույն շարքից