Հասարակություն 

Գեորգի Բոգդանի Յակուլով

Երբ նկարում էր «Դիլիջանյան բնանկարներ» հայտնի շարքը, արդեն լուրջ հիվանդ էր: Թոքերի ծանր հիվանդությունը (այս ախտորոշումը տրվել էր դեռ Թիֆլիսում. այս քաղաքում է ծնվել ապագա ռեֆորմատորը) միշտ հիշեցնում էր իր մասին: Այն առավել սրացավ ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ. քսանամյա զինվորը ստիպված էր օրերով մնալ մանջուրյան խոնավ խրամատներում: Բախտը բերեց, որ ճապոնական գնդակից վիրավորվեց, և զորացրվեց: Բայց անգամ կյանքի մայրամուտին, «երևանյան շրջանում», նկարիչն իրեն երջանիկ էր համարում, ինչը, պետք է ենթադրել, համապատասխանում էր իրականությանը: «Իմ ամենածանր բեռը թոքերս են, թեև պետք է խոստովանեմ, որ դիլիջանյան բնապատկերները թեթև են նկարվում» (Самое тяжелое мое бремя – это легкие, хотя нужно признать, что дилижанские пейзажи и пишутся налегке): Նա կատակում էր կյանքի հետ և կյանքում, մի´շտ, մահ չկա, կա´ Անվախճանություն...

 Քամիները նրան չէին վախեցնում: Նա կարողանում էր գեղագիտական խոր բովանդակություն հաղորդել բարխաններին: Ամենաանհրապույր սրահը վերափոխվում էր նրա կախարդական վրձնի ընդամենը մի հարվածից: Նկարչի լուսային կոմպոզիցիաները և զարմանահրաշ գույները կենսագործունեության կարևոր գործընթացը` ֆոտոսինթեզն ապահովելու կարողություն ունեին. մայրամուտ էին շնչում և արևածագ արտաշնչում: Անցյալ հարյուրամյակի քսանական թվականների սկզբին նա Մոսկվայի «տեսարժանությունն» էր: Վարպետի եզակի տաղանդը հայտնի էր արվեստի բոլոր ռեֆորմատորներին. նրանք այցելում էին Յակուլովի հայտնի արվեստանոցը` հուսալով համագործակցել. Է. Մեյերհոլդ, Ս. Դյագիլև, Ս. Պրոկոֆև, Ա. Թաիրով, Ա. Կորնեն, Ա. Բլոկ, Վ. Մայակովսկի, Ս. Եսենին...

 1921թ. ձմռանը բոլշևիկյան Ռուսաստան այցելած Այսեդորա Դունկանը բուռն ցանկություն ուներ ծանոթանալու այդ առեղծվածային մարդու հետ. ընկերները հավաստիացնում էին, որ երիտասարդ հանրապետությունը առաջինը նրան է պարտական արվեստի լավագույն դրսևորմամբ` խորհրդային ավանգարդով: Եվրոպայում արդեն լեգենդներ էին պտտվում նոր պետության ստեղծագործական կյանքի ռեֆորմատորների տաղանդի ուժի մասին. «Դա շատ ավելի թունդ է քաղաքական հեղաշրջումից, դա իսկական հեղաշրջում է արվեստում»: Հանրահայտ պարուհին, որն իրեն բոհեմից դուրս պարզապես չէր պատկերացնում, իհարկե, չէր կարող բաց թողնել գոնե նրան տեսնելու հնարավորությունը. «Տարե´ք, տարե´ք ինձ նրա մոտ, ուզում եմ տեսնել այդ մարդուն»:

 Նրա քարտուղար և թարգմանիչ Իլյա Շնեյդերն, իհարկե, չէր կարող չիմանալ ողջ Մոսկվային հայտնի հասցեն. Բոլշայա Սադովայա 10: Մայրաքաղաքի ստեղծագործական կյանքի էպիկենտրոնը մի խոշոր շենք էր, ուր տեղ էին գտել հայտնի շատ նկարիչների արվեստանոցները. յոթերորդ հարկում, «38» ցուցանակի հետևում, ապրում էր նորարարը: Բայց «հեզ» Շնեյդերին, որին մարդկային կյանքը մաթեմատիկական հերթագայող հավասարումներ էր թվում, տագնապեցնում էր այլ բան. գիշերվա ժամը երկուսը + արտասովոր Դունկանը + անփույթ Ժորժը = է էներգիայի վիթխարածավալ արտանետման Մոսկվայում և Մերձմոսկվայում: Էռնստ Ռեզերֆորդն արդեն հասցրել էր ճեղքել ատոմը, և քմահաճ պարուհու քարտուղարը, չգիտես ինչու, հիշեց և անգամ բարձրաձայն արտաբերեց ականավոր ֆիզիկոսի անունը: Բայց բալետի պարուհու հետ համաձայնության գալու հնարավորություն նա չուներ...

 «38» համարի ցուցանակը, որը սթափեցնող հզոր ազդեցություն թողեց Այսեդորայի վրա, ասում էր. «Ընկե´ր գողեր: Մի´ խցկվեք, խնդրում եմ, իմ բնակարան, քանի որ այնտեղ արժեքավոր ոչինչ չկա: Այլապես կարող եք զուր տեղը ձեր վիզը կոտրել, եթե տանտերը ձեզ դիմավորի»: Ստորագրված էր` Յակուլով:

 Նա արվեստում հեղափոխության իսկապես առաջին «գարանտն» էր. ծանոթները հաճախ նրան «ավանգարանտ» էին անվանում: Այդ մականունը նա ստացավ 1916թ., երբ Է. Մեյերհոլդի հետ Կուզնեցկի մոստում հիմնադրեց «Արվեստների համաշխարհային կայարանը»` «Պիտորեսկ» սրճարանը: Բայց նկարիչը լայն ճանաչման էր արժանացել մինչ այդ: Ֆրանսիական մոդեռնի ներկայացուցիչ Ս. Դելոնեն, որի հետ նա ծանոթանում է Փարիզում 1913թ., պարզապես ցնցված էր Յակուլովի «գյուտերով». «Մոնմարթրը քոնն է, Ժո´րժ»: Վարպետի վրա ավելի մեծ տպավորություն է թողնում նկարչի մշակած «Լույսի և ոճերի առաջացման տեսությունն արվեստում»: Այնուհետև Յակուլովն ամբողջովին նվաճում է Փարիզը. 1927թ. Դյագիլևի խնդրանքով Ֆրանսիայի մայրաքաղաքում նա բեմադրում է Սերգեյ Պրոկոֆևի «Պողպատե վազք» բալետը:

 Գրիգորի Յակուլովը մեկ այլ մականուն էլ ուներ` Ժորժ Գեղեցիկ. այս անունով էր նա հայտնի մոսկովյան բոհեմում: Արտասովոր նկարչի, հանրահայտ «Բազմերանգ արևների տեսության» հեղինակի հետ շփումը ռուսական և խորհրդային ավանգարդի գրեթե յուրաքանչյուր ներկայացուցչի ստեղծագործական զարգացման բաղկացուցիչն էր: Այդ շփումը նրանց վրա բարերար ազդեցություն էր թողնում, որի մոգական ուժը ժամանակին փորձեց գուշակել, բայց անհաջող, ինքը` Վլադիմիր Մայակովսկին. Ժորժն, անկասկած, ազդեցություն ուներ հանճարեղ բանաստեղծի վրա, հատկապես «պլակատային արվեստի» և Պատուհանների վրա աշխատելու գործընթացում... Նա ազդում էր բոլորի վրա:

 «Նստի´ր Ալիսա, այսօր ինձ համար բնորդուհու դեր կխաղաս». քմահաճ Կոոնենը, որի խաղով հիացել են Երմոլովան, Նեժդանովան, Սկրյաբինը, Բալմոնտը, Բրյուսովը, Բլոկը, ամեն անգամ անձնատուր էլ լինում հենց Ժորժի հետ հանդիպելիս: Այդ հանդիպումները շատ-շատ էին. Թաիրովը հաճախ էր հյուընկալվում հայրենակցի մոտ, որին, իր հետ հավասար, համարում էր սեփական զավակի` Կամերային թատրոնի հիմնադիրը: «Հա´, բայց իմ մազերի գույնն ուրիշ է»,- համարձակվեց նկարչին պատասխանել Կոոնենը, երբ նա արդեն ավարտել էր աշխատանքը:

 «Դուք դերասանուհի եք և կարող եք ցանկացած գույնի մազեր ունենալ: Այս դեպքում Դուք ինձ ոսկե-դարչնագույն ընդհանուր կոլորիտով երևացիք, և ես Ձեզ շատեն դարձրի»: Ալիսա Կոոնենը կրկին ընկրկում էր...

 38-րդ բնակարանից բարձր ձայներ էին լսվում, կերուխումի հոտ էր գալիս: Տանտերն ինքն ընդառաջ ելավ հյուրերին, բայց կարծես որևէ մեկի վիզը կոտրել չէր պատրաստվում. ամենաարժեքավորն, ինչ ուներ այդ պահին, երեք հարբած իմաժինիստերն էին` Սանդրո Կուսիկյանը, Անատոլի Մարիենհոֆը և Սերգեյ Եսենինը: «Ուրախ եմ ողջունել քեզ, իմ սիրելի Իլյա: Ո~նց թե, Բոկոտիկն էլ հե՞տդ է»: Բոկոտիկին նա առաջին անգամ էր տեսնում...

  «Պարոնայք, ուզում եմ ձեզ ներկայացնել մեր հյուրին (Ժորժը որսաց կուրաժը): Այս մեծ կինը ծնվել է Խաղաղ օվկիանոսի ափին, ամերիկյան Սան Ֆրանցիսկո քաղաքում: Իր արվեստով նա նվաճել է ոչ միայն երկու Ամերիկաները, այլև ողջ քաղաքակիրթ Եվրոպան: Նրան ծափահարել են աշխարհիս հզորները. և´ Անգլիայի թագավորը, և´ հանճարեղ Ռոդենը, և´ Չապլինը, և´ նույնիսկ Լենինը: Նրա երազանքը եղել և մնում է հազարավոր երեխաների պարի բարձր ու ազնիվ արվեստը սովորեցնելը: Դրանով նա արդեն զբաղվել է Գերմանիայում և Ֆրանսիայում: Եվ ահա Ռուսաստանում է: Բարեկամնե´ր, լցրեք բաժակները, և ես խնդրում եմ տղամարդկանց խոնարհել գլուխները նրա առջև: Դա, ի դեպ, վերաբերում է նաև քեզ, Սերյոժա: Խմենք մեծ կնոջ` Այսեդորա Դունկանի կենացը»:

Նույն շարքից