Դեռ 24 ժամ չի անցել, ինչ գրել էի «Ինչու՞ արտագաղթեցիք, պարոն N1 նեյրովիրաբույժ Անդրոնիկ Քալայջյան» վերնագրով հոդվածը, բայց արդեն ստացել եմ բազմաթիվ մեկնաբանություններ, որոնց գերակշիռ մասը վկայում է այն մասին, որ հոդվածում եզրակացություններ անելիս ես երևի շտապել եմ, մանավանդ այն հատվածներում, երբ քննադատում եմ տաղանդավոր նեյրովիրաբույժին՝ երկիրը լքելու մեջ:
Ինձ գրում են տարբեր մասնագիտությունների մարդիկ, որոնք անձամբ ճանաչելով բժշկին, միաձայն պնդում են, որ այս արտագաղթը ճարահատյալ արտագաղթ է, ավելի ճիշտ՝ արտագաղթելու համար պատճառ է հանդիսացել որոշ ազդեցիկ մարդկանց կողմից բժշկի հանդեպ կիրառված բարոյահոգեբանական ճնշումը:
Եվ եթե հիմք եմ ընդունում մեկնաբանությունների իսկությունը, ապա ստացվում է, որ Անդրոնիկի արտագաղթելը ոչ միայն արդարացված է, այլ նաև անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի այս դեպքը հանրության քննարկման առարկա դառնա: Այո, լայն քննարկման առարկա, հակառակ դեպքում բացառված չէ, որ մեր նմանատիպ տաղանդավոր մասնագետները մեկը մյուսի հետևից լքեն այս երկիրը:
Կարեն Թումանյան