Արդեն երկրորդ տարին է՝ Հայաստանում փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օր է հայտարարվել, ինչի առթիվ այսօր կայացած մամուլի ասուլիսին քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը և նախաձեռնության հեղինակ Գագիկ Եգանյանը խոսեցին նախաձեռնության ազդեցության, սոցիալական ցանցերում հայատառ գրելու մշակույթի ձևավորման և խնդիրների շուրջ՝ ընդգծելով, որ պահանջարկը ստիպեց նման նախաձեռնությամբ հանդես գալ:
«Ես մի դեպք գիտեմ, երբ ուսուցիչն ինձ ցույց տվեց աշակերտի տետրը, որտեղ նա ձեզ բառը գրել էր լատինատառ` dzez: Նմանատիպ մի շարք դեպքեր աչքի առաջ ունենալով որոշեցինք նման օր նշանակել»,- ասաց Գագիկ Եգանյանը՝ ավելացնելով, որ այս հարցում ֆեյսբուքում դրական միտում կա. հիմնականում հայատառ են գրում:
Նա նաև նշեց, որ շատ կցանկանար, որպեսզի փետրվարի 7-ը պաշտոնապես դառնար համացանցում հայատառ գրելու օր։ Այդ տեսակետին հակադարձեց Կարեն Քոչարյանը՝ ասելով, որ դրա կարիքը չկա. «Եկե՛ք չպաշտոնականացնենք, քանի որ ինչ պաշտոնականացնում ենք, սիրում ենք միայն այդ օրը: Թող էսպես մնա»:
Անդրադառնալով Հայատառ գրելու հարցին՝ նա էլ իր հերթին նկատեց, որ խնդիր կա, երբ դու գրում ես հայատառ, բայց մարդիկ չեն կարողանում կարդալ՝ համապատասխան տառատեսակներ չունենալու պատճառով։
Սամվել Մարտիրոսյանն էլ հիշեցրեց, որ մոտ 7-8 տարի առաջ ոչ մի կերպ հնարավոր չէր հայերեն գրել, մարդիկ սովորեցին լատինատառ գրել, հետո այդ հարցը լուծվեց, սակայն հիմա կրկին գալիս են նախկին վիճակին, քանի որ համացանցը տեղափոխվում է հեռախոսներ և պլանշետներ:
«Անգամ հայ գրականության որոշ գործեր լատինիֆիկացվել են, ինչ-որ աբսուրդ նորամուծություն, իսկ մեկնաբանությունները հիմնականում լատինատառ են, քանի որ Հայաստանում ֆեյսբուքյան օգտատերերի մոտ 40%-ը հեռախոսից և պլանշետից է օգտվում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ օգտատերերը մեխանիկորեն լատինատառ են գրում, քանի որ հաճախ օպերացիոն համակարգը թույլ չի տալիս: