Հասարակություն 

Մտքերի ու զգացմունքների փոխանցում տարածության միջով

analitik.am

Տեղեկատվական տեխնոլոգիաների այս հզոր դարաշրջանում կապի միջոցները գնալով զարգանում են ու փոխարինվում նորերով: Բայց ամենահին միջոցը, երբեմն մարդկային գիտակցությունից անկախ, գոյություն է ունեցել ու շարունակում է ունենալ մարդկության սկզբնավորումից ի վեր: Խոսքը «հեռազգացության» (տելեպատիայի) մասին է: Այս երևույթը նկատում է գործնականում յուրաքանչյուրը, բայց ոչ բոլորը կարող են ճիշտ և գիտակցաբար ընդունել և հաղորդել ինֆորմացիան: Հեռազգացությունը վաղուց դադարել է գերբնական, իռացիոնալ, անհասկանալի երևույթ լինելուց: Այսօր այն նույնքան բացատրելի է, որքան ֆիզիկական կամ կենսաֆիզիկական ցանկացած երևույթ: Տելեպատիան (հուն. (tele)- տարածություն և (pathos) –զգացմունք, տարածության մեջ մտքեր, զգացմունքներ, պատկերներ հաղորդելու, փոխանակելու կարողությունն է` առանց օգտագործելու հաղորդակցման ինչ-որ անհայտ միջոցներ: Հեռազգացության գոյության հավատը գալիս է դարերից: Կարծիք կա, որ աղոթքը ևս հեռազգացական շփման փորձ է բարձրյալի հետ: «Տելեպատիա» տերմինն առաջին անգամ գործածվել է 1882 թվականին Ֆրեդերիկ Մայերսի կողմից: Նա բրիտանական Հոգեբանական հետազոտության ընկերության հիմնադիրներիներից մեկն է: Հարանորմալ երևույթներ ուսումնասիրող շատ հետազոտողներ տելեպատիան և ներշնչանքը համարում են նման, մոտ երևույթներ: Մայերսն այդպիսի ֆենոմենը համարում է «տելեպատիկ հիպնոտիզմ»: Հարահոգեբանության մեջ ընդունված է տարբերակել գիտակցված հեռազգացությունն անգիտակցական հեռազգացությունից: Գիտակցված հեռազգացության դեպքում դու հատուկ մեխանիզմով որոշակի մտքեր, զգացմունքներ ես հաղորդում մեկ այլ մարդու: Անգիտակցական հեռազգացության դեպքում ինքնաբերաբար, քո գիտակցությունից անկախ ես փոխանցում ինֆորմացիան: Մեկ այլ դիտարկմամբ` տելեպատիան լինում է զգացմունքային և մտքային: Զգացմունքային հեռազգացության ընթացքում մարդու զգացմունքները փոխանցվում են մեկ այլ մարդու նյարդային համակարգ: Մտքային տելեպատիայի դեպքում օբյեկտի նյարդային համակարգում ստեղծվում են ձայնային, տեսողական տպավորություններ, մտքեր, որոնք կան մյուս մարդու գիտակցության մեջ: Տելեպատիկ շփման ընթացքում հաղորդող կողմը կարող է չիմանալ, որ գործում է ինչպես «լրտես», ընդունող կողմն էլ գիտակցաբար չընկալել, որ մտքեր է ընդունում: Տելեպատիայի մեխանիզմն ընթանում է ուժեղ զգացմունքներով: Տելեպատիկ ունակություններով օժտված մարդկանց մի խումբ շփոթության մեջ է գցում շրջապատողներին, ստիպելով նրանց հավատալ, թե իրենք իրականում գուշակներ են: Տելեպատները կարող են մտածված կամ անգիտակցաբար ստանալ ինֆորմացիա մարդու ուղեղից, բայց ոչ ապագայից: Սկզբունքորեն տելեպատիայի ֆենոմենի մեջ ոչ մի դժվար բան չկա, մեզնից յուրաքնչյուրը կարող է վարժվել դրան և փորձել «լսել» այլ մարդկանց: Եվ դրա համար ինչ-որ հատուկ գործիք պետք չէ, պարզապես պետք է միացնել ներքին ձայնը և սպասել ազդանշանի:


Նույն շարքից