Ծանր մանկությունը, մոր բացարձակ անտարբերությունը, գիշերօթիկում անցկացրած տարիները հավանաբար պատճառ դարձան, որ ֆրանսիացի գրող Օնորե դը Բալզակը սկսեց տառապել բարդույթներից: Մարդկության պատմության կարևոր դեմքերից նա միակը չէր, ում կեղեքում էին բարդույթները, Նապոլեոն Բոնապարտն էլ, օրինակ, բարդույթավորվել է իր կարճ հասակի պատճառով: Հոգեբանները փաստում են՝ բարդույթներ ունենում են բոլոր մարդիկ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդկության գրեթե կեսին թվում է, թե ինքն իր տեղում չէ: Բարդ ու բազմակողմանի հարաբերություններում, հասարակական կյանքում ցանկությունների ու հնարավորությունների անհամապատասխանությունը ստեղծում է անբավարարվածության զգացում, մարդ իրեն ճիշտ չի գնահատում, ի վերջո առաջանում են բարդույթներ: Դրանք սերտ կապված են մարդու բարոյական զգացմունքների հետ և ձևավորվում են երեք տարեկանից սկսած` ծնողների բարոյական կերպարի ներքնայնացման արդյունքում: Ծնողների պատժի և խրախուսանքի հիման վրա էլ ձևավորվում է մարդու ներքին դատավորը: Որքան խիստ են վարվում երեխայի հետ, որքան շատ են պատժում նրան, այնքան ավելի խիստ դատավոր է ձևավորվում նրա մեջ, ավելի շատ բան են իրենք իրենցից պահանջում, ավելի ցածր ինքնագնահատական են ունենում ու ավելի բարդույթավորված են լինում: Այն երեխաները, որ 5-7 տարեկան հասակում ապրում են ջերմ մթնոլորտում, հետագայում քիչ բարդույթներ են ունենում: «Բարդույթ« հասկացությունը հոգեվերլուծության մեջ մտցրել է Կարլ Գուստավ Յունգը, նրանից առաջ այս երևույթը բնութագրել է Զիգմունդ Ֆրոյդը, որպես «պատկերացումների խումբ՝ կապված միևնույն աֆեկտով»: Գիտության կողմից կիրառվող հասկացությունը շատ ավելի լայն է և կարող է առաջանալ ցանկացած աֆեկտի շուրջ, այդ թվում՝ դրական, որի հետևանքով այդ բարդույթի հետ կապված ռեակցիաները նույնպես կլինեն դրական: Բարդույթները ձևավորվում են ենթագիտակցաբար, հաճախ սխալ գնահատականների արդյունքում: Դրանք ունեն տարիքային առանձնահատկություններ: Սակայն առավել նկատելի են հատկապես դեռահասության տարիքում, անցումային փուլերում: Տարբեր տարիքներում բարդույթները տարբեր են: Ոչ ճիշտ ինքնագնահատականը, ինքնահարգանքը, հակառակ սեռի նկատմամբ դիրքորոշումը, թողած վաստակը, ինքնահաստատված չլինելը, անվստահությունը, արտաքին տեսքը, թերությունները (արտաքին տեսքի բարդույթ կարող է առաջանալ,եթե անգամ չկան ակնհայտ թերություններ). ահա այս ամենը կարող են բարդույթների պատճառ դառնալ կյանքի ճգնաժամերին: Հայտնի հոգեբան Ադլերը, ըստ որի՝ մարդիկ ծնվում են բարդույթներով, կարծում է, որ դրանցից ազատվել կարելի է կյանքի ընթացքում հաջողութունների հասնելու, ինքնակատարելագործման ճանապարհով: Բարդույթները հաղթահարելու համար նախ ցանկություն է պետք: Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպիսին եք ուզում լինել, մտովի պատկերացրեք Ձեզ առանց բարդույթների, որքան հնարավոր է մանրակրկտորեն իրավիճակներ բեմադրեք Ձեր մտքում, որտեղ բարդույթներ չունեք: Ձեր ենթագիտակցությունն արդեն իսկ կսկսի գործել այնպես, ինչպես պատկերացրել եք ու կթելադրի Ձեզ լինել այդպիսին: Հաջորդ կարևոր նախապայմանը հաջողությունների հասնելն է: Սկսեք փոքր քայլերից, փոքր առաջադրանքներից, հետո կամաց-կամաց բարդացրեք դրանք: Հաղթահարելով Ձեր առջեւ դրված նպատակները՝ կհաղթահարեք նաև ինքներդ Ձեզ ու Ձեր բարդույթները: Ընդունեք, որ Դուք կարող եք: Թեև բարդույթավորվածությունը հոգեբանական հիմքեր ու պատճառներ ունի, ձևավորվում է մեր կամքից ու ցանկությունից անկախ, խանգարում է մեզ միջանձնային հարաբերություններում, այնուամենայնիվ դրանից ազատման բանալին ևս մեր ձեռքում է:
Ինչպե՞ս ազատվել բարդույթներից