Որքան էլ Թուրքիայի իշխանությունները փորձեն հոկտեմբերի 10-ին Անկարայի երկաթուղային կայարանի հրապարակում կազմակերպված՝ «Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» խորագրով խաղաղ ցույցի ժամանակ որոտացած 2 խոշոր պայթյունների պատասխանատվության վեկտորն ուղղել դեպի «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը, հանդես գալ մեղադրող հայտարարություններով, ձերբակալել ենթադրյալ կասկածյալների և այլն, այնուամենայնիվ, նման եղանակով ԹՀ գործող վարչակարգը հայտնվում է շատ ավելի խոցելի իրավիճակում:
Բանն այն է, որ ԻՊ-ի իրականացրած ահաբեկչական հարձակումները մշտապես տեղի են ունենում միևնույն սցենարով: Ցանկացած գործողությունից հետո կառույցն անմիջապես ստանձնում է դրա պատասխանատվությունը (նշված եղանակով մի քանի տասնյակ ահաբեկչական գործողություններ են տեղի ունեցել Իրաքում, Սիրիայում, Եգիպտոսում, Լիբիայում, Եմենում և այլն), իսկ եթե ինքը չէ կանգնած հարձակումների հետևում, պարզապես քաջալերում է իրականացնողներին և մաղթում ավելի մեծ կորուստներ. ի դեպ, կատարման եղանակի առումով Անկարայում հնչած պայթյուններն ավելի մոտ են «Ալ Կաիդայի» ձեռագրին, թեպետ այս ծայրահեղական կառույցը ևս անմիջապես ստանձնում է գործողությունների պատասխանատվությունը...
Այս համատեքստում ԻՊ-ի արձագանքն Անկարայի պայթյունների վերաբերյալ հնչել է դեռևս հոկտեմբերի 11-ին, երբ ծայրահեղական կառույցին պատկանող թվիթերյան թուրքալեզու հաշիվներից մեկի միջոցով տարածվել է հետևյալ հրապարակումը՝ «Անկարայում տեղի ունեցած ցույցի ժամանակ անհավատ կոմունիստներից մոտ 40 հոգի սպանվել է, և 100 հոգուց ավելին վիրավորվել: Շնորհավորում ենք գործողության հեղինակներին: Փառք Ալլահին, թող Ալլահը մահացածների թիվն ավելացնի: Արյունի մեջ խեղդվեցիք»:
Ի դեպ, ԻՊ-ը մոտավորապես նույն կերպով է արձագանքել, այսինքն՝ միայն շնորհավորել և ողջունել է ս.թ. հունվարի սկզբին փարիզյան Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրատան դեմ իրականացված ահաբեկչական հարձակմանը, որի պատասխանատվությունը ստանձնել էր «Ալ-Կաիդայի» ճյուղավորումներից մեկը՝ «Ալ-Կաիդան Արաբական թերակղզում» կառույցը:
Վերոնշյալի համատեքստում, Անկարայի ահաբեկչական հարձակումների հետ կապված կարելի է առաջադրել երկու առավել հավանական սցենար՝ կա՛մ ԻՊ-ը քաղաքական խաղ է սկսել թուրքական իշխանությունների հետ՝ միտումնավոր կերպով չստանձնելով պայթյունների պատասխանատվությունը և դրանով իսկ բավականին խոցելի իրավիճակում հասցնելով թուրքական իշխանություններին կա՛մ, որ շատ ավելի հավանական է՝ գործողության իրականացման հարցում խառն է թուրքական «պետության» մատը, որի նպատակը նախընտրական շրջանում երկրում առկա ներքաղաքական, անվտանգային լրջագույն խնդիրներից բացի նաև արտաքին ահաբեկչության վտանգի մատնանշումն է և իհարկե, այն պատրանքը, որ բոլոր խնդիրներն արմատախիլ անելու մենաշնորհը պատկանում է բացառապես Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանն ու նրա վերնախավին:
Ինչևիցե, մի բան անհերքելի է, որ կատարման առումով Անկարայի ահաբեկչական գործողությունները բավականաչափ թերի էին, ինչի հետևանքով Թուրքիայի իշխանություններին ծանրակշիռ հարցեր են առաջադրվելու՝ դրանց հետաքննության և իրական մեղավորների «բացահայտման» գործընթացի հետ կապված: