Հասարակություն գլխավոր 

Ինչո՞ւ է Հայաստանում ավելացել թիկնապահների պահանջարկը

Այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «Պահապան արծիվ» թիկնապահական ակադեմիայի տնօրեն Արսեն Դավթյանն ասաց, որ վերջին 3-4 տարիներին Հայաստանում ավելացել է թիկնապահների պահանջարկը․ «Հիմնականում բարձր խավերն են պահանջում թիկնապահներ ու նրանք, ովքեր ունեն ինչ-որ խնդիրներ։ Իհարկե, պահանջում են առաջին հերթին անվտանգության ապահովման համար, բայց նաև պրեստիժի հարցը կա»,- նկատեց նա։

Ըստ նրա՝ Հայաստանում թիկնապահների աշխատավարձը, սակայն, շատ քիչ է ու չի համապատասխանում այն աշխատանքին, որ նրանք կատարում են ամբողջ օրվա ընթացքում․ «Նրանք չեն կարողանում լիարժեք աշխատել, որովհետև շատ քիչ գումար են ստանում։ Թիկնապահ կա, որ օրը 24 ժամ աշխատում է, բայց աշխարհում ընդունված է, որ պրոֆեսիոնալ թիկնապահը պետք է աշխատի ամենաշատը 8-12 ժամ»,- նշեց նա։

Մանրամասնելով, թե որքան է թիկնապահների աշխատավարձն այսօր՝ Ա․ Դավթյանն ասաց, որ եթե նախկինում այդ գինը 120-150 հազար դրամ էր, ապա այժմ 200-250 հազար է, թեև կան հարուստներ, ըստ նրա, որ իրենց թիկնապահներին վճարում են 1000-1200 ԱՄՆ դոլար․ «Անվտանգության պետ կա, որ ստանում է 10 000 դոլար՝ օրինակ»,- ավելացրեց նա։

Արսեն Դավթյանի խոսքով՝ Հայաստանում դեռևս երկու տարի առաջ պահանջում էին բարձրահասակ ու թիկնեղ մարմիններով թիկնապահներ, բայց հետագայում իրենց կազմակերպությանը հաջողվեց ապակողմնորոշել գործատուներին․ նրանք արդեն քիչ-քիչ հասկանում են, որ թիկնապահները պետք է լինեն ոչ թե աժդահա կամ սափրած գլուխներով, այլ պետք է օժտված լինեն նաև մտավոր կարողություններով, այսինքն՝ լինեն խելացի, ունենան հարուստ գիտելիքներ, տիրապետեն մի քանի լեզուների։ «Դրա համար մենք վերադասավորում ենք թիկնապահներին՝ ըստ կարգերի։ Դեռ մի քանի տարի առաջ գործարարներն ու պաշտոնյաներն իրենք էին ուզում ընտրել թիկնապահներին՝ չհասկանալով, թե իրենց կոնկրետ ով է պետք։ Բայց արդեն սկսել են խելքի գալ ու մեր առաջարկով են առաջնորդվում։ Իրենց հետ շփման ու հարցազրույցների արդյունքում մենք հասկանում ենք, թե ինչ տիպի թիկնապահ է պետք իրենց, իրենց կանանց ու երեխաներին»,- ասաց պարոն Դավթյանը։

Նա նաև ընդգծեց, որ Հայաստանում դեռևս չի կայացել այն ինստիտուտը, թե ինչպես պետք է վարվել թիկնապահների հետ, որքան թիկնապահ է պետք ունենալ ու ինչ հատկանիշնորով նրանք պետք է օժտված լինեն․ «Եվրոպական զարգացած երկրներ կան, որտեղ պետական բարձրաստիճան պաշտոնյաներն ամաչում են նույնիսկ թիկնապահներով ման գալ, չունեն ոչ մի թիկնապահ կամ այնպես են անում, որ թիկնապահները չերևան, աչքի չընկնեն․ չէ՞ որ նրանք կարող են վախ ու անհանգստություն առաջացնել հասարակության շրջանում, մասնավորապես այն միջավայրում, որտեղ նրանք հայտնվում են։ Բայց Հայաստանում հակառակն է․ պետք է թիկնապահները երևան ամեն կողմից, շրջեն մի քանի մեքենաներով և այլն»։

Նա նաև անդրադարձավ այն խնդրին, թե Հայաստանում ինչու են թիկնապահներն անընդհատ տարբեր պատմությունների մեջ հայտնվում և հաճախ դատական կարգով պատասխանատվության ենթարկվում։ Դա էլ այն պատճառով է, ըստ նրա, որ թիկնապահները ենթարկվում են գործատուի անօրինական պահանջներին ու հրամաններին՝ առանց հասկանալու, որ ամբողջ պատասխանատվությունը հենց իրենք են կրելու․ «Դրա համար մենք զգուշացնում ենք թիկնապահներին ամեն ինչ անել օրինական ճանապարհով։ Ավելի լավ է չենթարկվեն հրամաններին ու ազատվեն աշխատանքից, քան թե ազատազրկվեն՝ գործատուի անօրինական պահանջը կատարելու պատճառով»,- ասաց Դավթյանը։

Աստղիկ Իսկանդարյան

Նույն շարքից