Սևանա լիճ տարեկան 100 հազարավոր տոննա կոյուղաջրեր են լցվում Երևանում կատարած ուումնասիրությունների համաձայն՝ մայրաքաղաք մտնող խմելու ջրի 77 տոկոսը կորչում է: Պատկերը նույնն է նաև մարզերում: Երկրում ջրային պաշարն ապահովող 1700 գետերի ու գետակների ջրերը տարեկան կազմում են 7,5 մլրդ մետր խորանարդ: Իսկ 115 մեծ ու փոքր լճի, ջրամբարների եւ արհեստական լճակների ջրերի ծավալը հասնում է 35 մլրդ մետր խորանարդի, որից 32 մլրդ-ը կուտակված է Սևանում: 1999 թվականից ՀՀ կառավարությունը դադարեցրեց Սևանա լճից ստացվող էլեկտրաէներգիայի օգտագործումը, իսկ երկու տարի անց խորհրդարանն ընդունեց «Սևանա լճի մասին» օրենքը: Այն կարգավորում է լճի էկոհամակարգի պահպանման, վերականգնման, վերարտադման, օգտագործման, բնական առաջընթացի, աշխարհագրական դիրքի և տնտեսական գործողությունների համար նախատեսված գոտիները: Սակայն նույն Սևանա լճի հարակից չորս քաղաքներն ու շրջակայքի մյուս համայքները չունեն մաքրման ոչ մի համակարգ, և կոյուղաջրերն ամբողջությամբ լցվում են Սևանա լիճ: Սևանա լճին ամենամեծ վնասը հասցնում են լիճ լցվող տարեկան այդ 100 հազարավոր տոննա օրգանական նյութերը: Լճի մակարդակի բարձրացման հետևանքով ափամերձ տարածքներում նախկինում կառուցված շինությունները ջրի տակ եմ մնում կամ սեփականատերերը ստիպված են լինում քանդել նույն պատճառով ու շինարարական աղբը ևս լցվում է լիճ, բայց բնապահպանների կարծիքով, շինարարական աղբը գոնե կարող է գնալ ու ինչ-որ տեղ մնալ լճի հատակում: Իսկ օրգանական նյութերը լցվելով մաքուր, թթվածնով հարուստ ջրի մեջ՝ քայքայվելու համար կլանում են թթվածինն, ու փոխվում է ջրի որակը, ոչնչանում է բուսական ու կենդանական աշխարհը, քայքայում է էկոհամակարգը: Նախատեսվում է առաջիկայում կառուցել մեխանիկական մաքրման կայաններ: Դրանց արդյունավետության մասին մասնագետները չեն շտապում վաղաժամ եզրակացություններ անել:
Իրարամերժ կարծիքներ են պտտվում Սևանա լճի ջրի օգտագործման վերաբերյալ, տեսակետներից մեկի համաձայն՝ Սևանա լճի քաղցրահամ ջուրը մեր «նավթ»-ն է և կարող ենք այն վաճառել, քանի որ տարածաշրջանում կա քացրահամ ջրի պաշարների սպառման վտանգ, ու չկա նման պաշարներ ունեցող այլ երկիր: Իսկ բնապահպաներից ոմանք աբսուրդ են համարում ջուրը վաճառելու միտքը: 30 մլրդ խորանարդ քաղցրահամ ջուրը, որը 2000 մետր բարձրության վրա է, աննախադեպ հնարավորություն է տալիս առանց որևէ ծախսի, պոմպակայան կառուցելու կարելի է հասցնել՝ ուր պետք է: Ըստ նույն բնապահպանների՝ Սևանա լճի էկոհամակարգը մեզ ավելի անհրաժեշտ է, քան ջրի վաճառքից ստացած եկամուտը: Արարատյան դաշտի ընդերքի ավազանը ևս ջրի մեծ պահեստարան է՝ մոտ 27 մլրդ մետր խորանարդ: Հանրապետության մյուս շրջաններում ստորերկրյա ջրերի ծավալը 500 մլն մետր խորանարդ է: Սակայն Արարատյան դաշտի ընդերքի ջրի կորուստն ահռելի է: Մի շարք բնակավայրերում արտեզյան ջրերը խմելու և ոռոգման նպատակով խոշոր խողովակներով մակերես են դուրս գալիս և ամբողջ տարին անարգել հոսում են դեպի գետերը: Սա իր հերթին բարձրացնում է գրունտային ջրերի մակարդակը, ուժեղացնում է հողերի էրոզիան ու երկրորդային աղակալումը: Հայաստանի տարածքում գոյություն ունեցող 70 մլրդ մետր խորանարդ ջուրը օգտագործման ներկա մակարդակով եւ տեխնոլոգիաներով բավարարում է ժողովրդի կենցաղի և արտադրության բոլոր պահանջներին՝ միաժամանակ ապահովելով գետերի և ավազանների ինքնամաքրումն ու էկոլոգիական վիճակը: Սա ներկայում: Իսկ ի՞նչ կլինի հետո, եթե այսպես շարունակվի…
Զանի Հարոյան