Երևանի մայթերին մարդիկ միայն ձմռանն ու սառույցի պատճառով չեն վնասվածքներ ստանում: Վտանգ, այստեղ, տարվա բոլոր եղանակներին կա:
1.Ո՞ւր են հետիոտնի համար նախատեսված մայթերը: «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով որոշակի շինարարական գործունեություն իրականացնելու համար, ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շինություններում, անհրաժեշտ է շինարարության թույլտվություն, որը տալիս է համայնքի ղեկավարը, ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի հաստատումից հետո:
2. Խանութների, ավտոլվացման կետերի, շինարարական ծառայութնների և այլ բիզնես կենտրոնների տերերին ո՞վ է տալիս մայթերի հաշվին իրենց տարածքն ընդլայնելու իրավունք, այլ խոսքով՝ շինարարության թույլտվություն:
3. Ինչպե՞ս է հաստատվում ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթուղթը:
Երևանի միայն Կենտրոն համայնքում կատարած շրջայցի ընթացքում www.analitik.am-ը արձանագրեց բազմաթիվ անմայթ փողոցներ(Նար-Դոսի, Չարենցի, Հանրապետության փղոցներում և այլն), որոնցով անցնելիս քաղաքացին ստիպված է հատել երթևեկելի հատվածը, շրջանցել երթևեկող մեքենաները՝ վտանգելով կյանքն ու առողջությունը: Որոշ փողոցներում էլ չափազանց նեղ մայթերը ծառայում են որպես ավտոկայանատեղի, հետիոտնը ստիպված է կամ մեքենաների վրայով անցնել, կամ էլ ռիսկի դիմել ու քայլել մեքենաների անմիջական հարևանությամբ: Իսկ ի՞նչ անեն այն քաղաքացիները, որոնք երեխաների հետ են կամ խոցելի խմբերի ներկայացուցիչներ են: Ճարտարապետ Լևոն Ներսիսյանն ուսումնասիրել է Կենտրոնի իննը փողոց՝ 24 կմ մայթերի ընդհանուր երկարությամբ: Սրանց միայն 20 տոկոսն է հարմարեցված եղել հաշմանդամների համար: «Եթե հաշմանդամների համար հարմար է, ապա ցանկացած քաղաքացու համար հարմար կլինի»: Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, հոդված 33.2. «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իր առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում, պարտավոր է անձամբ և այլոց հետ համատեղ պահպանել և բարելավել շրջակա միջավայրը»: Սա ըստ մայր օրենքի: Իսկ իրականո՞ւմ…
Զանի Հարոյան