Հասարակություն գլխավոր 

Տեղի ունեցող ահաբեկչությունները կրոնով պայմանավորված չեն

Ջիհադ ասելով մենք անմիջապես հասկանում ենք տեռորը և պատերազմը՝ ընդդեմ այլադավանների կամ այլ կրոնի ներկայացուցիչների, ինչը միանշնակ այդպես չէ։ Ուղղափառ մուսուլմանությունը նման առաքելությունը երբեք չի ստանձնել, և պետք չէ տեղի ունեցող ահաբեկչություններն անմիջապես տարածել ամբողջ մուսուլմանության վրա, այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս տեսակետը հայտնեց Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Նրա խոսքով՝ Ջիհադը միայն կրոնական պատերազմը չէ, այլև առաջին հերթին ջերմեռանդ հետևորդ լինելն է մուսուլմանական կրոնին՝ իբրև ազնիվ հավատացյալ. «Եթե մենք խոսում ենք Ջիհադի մասին՝ որպես սրբազան պատերազմ անհավատների դեմ, ապա պետք է նկատի ունենանք, որ նրանք ունեն մոտեցում, թե ովքեր են անհավատները։

Նրանց պատկերացմամբ՝ անհավատները նրանք են, ովքեր չունեն Սուրբ գիրք, իսկ այդ շարքում քրիստոնյաները, հրեաները երբեք չեն մտնում։ Գիտեք, ես չեմ կարծում, որ այստեղ պետք է հստակ առանձնացնել միայն քրիստոնյաներին, որովհետև ցանկացած բռնություն, ահաբեկչություն, որ այսօր տեղի է ունենում աշխարհի որևէ անկյունում, միանշանակ արհավիրք ու ողբերգություն է բոլոր մարդկանց համար, այսինքն՝ այստեղ արդեն կրոնական կամ ազգային պատկանելության խնդիր չէ, որ դրված է։ Այդ ահաբեկչությունները միայն քրիստոնյա իրականության մեջ չէ, որ տեղի են ունենում։

Շատ մուսուլմանական երկրներ հենց իրենք են պայքարում տեռորիզմի դեմ։ Բոլորի խնդիրն է անել ամեն բան, որ այդ երևույթները կասեցվեն ու մեր կյանքում չիրականանան։ Մենք բոլորս շատ հստակ տեսնում ենք, որ սրանք ծայրահեղական մոտեցումներ են, որոնք առկա են մուսուլմանական տարբեր ուղղություններում։ Եթե մենք իրապես կարողանանք աշխարհում մեր հասարակության մեջ հասնել նրան, որ մարդիկ հարգեն մեկը մյուսի կրոնական պատկանելությունը, ընկալումներն ու զգացումները, իհարկե, մենք շատ ավելի իդեալական աշխարհում կարող ենք ապրել»,- ընդգծեց նա։

Կարծիք կա, որ եթե նույնիսկ գերտերություններին հաջողվի վերացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տարածքները, այնուամենայնիվ գաղափարախոսությունը մնալու է։

Ինչպե՞ս պայքարել այդ գաղափարախոսության դեմ։ «Analitik.am»-ի այս հարցին քահանա Արթենյանը պատասխանեց, որ զենքի ու բռնության ճանապարհը երբեք հարցի լուծում չի կարող լինել, որովհետև մի ուղղություն կմարի, մեկ ուրիշը գլուխ կբարձրացնի դրա փոխարեն, ինչի ականատեսը պատմության մեջ մենք բազմիցս եղել ենք. «Սա միակ դեպքը չէ, որ «Իսլամական պետության» պես տարբեր ծայրահեղական կազմակերպություններ առաջացել են, մարել, հետո մեկ ուրիշն է առաջացել՝ նման ծայրահեղ մոտեցումներով։ Կարծում եմ՝ այսօր ամբողջ աշխարհը պետք է ընդհանուր երկխոսության նստի, գան փոխադարձ համաձայնության, հասկանան, որ մարդկային կյանքն է ամեն ինչից թանկ, և ոչ թե տարբեր ֆինանսական կամ նյութական շահերը, որոնք շատ հաճախ բերում են նման բախման։

Գուցե այս ահաբեկչությունները շատ ծայրահեղ, բայց այնուամենայնիվ միջոց են՝ իրենց բողոքն արտահայտելու համար։ Հարցի մյուս կողմն է՝ այդ բողոքը որքանով է արդարացված, որքանով է պահանջված, հիմնավորված, բայց ամեն դեպքում միշտ էլ, երբ լինում է բռնություն, լինում է նաև հակազդեցություն։

Մենք պիտի կարողանանք հանդուրժողականության մթնոլորտում մեկս մյուսի հետ հաշվի նստել և ապրել կողք կողքի։ Ի վերջո հանդուրժողականությունը ոչ միայն քրիստոնեական, այլև համամարդկային արժեք է։ Դա այն լեզուն է, որով կարող ենք մեկս մյուսի հետ խոսել ու մեկս մյուսին հասկանալ»,- շեշտեց Տեր Եսային։

Նույն շարքից