Քաղաքական խնդիրներն առկա են միջինարևելյան զարգացումներում, և չէի ասի՝ հենց ռուս-թուրքական հարաբերություններում, քանի որ դրանք ավելի լայն մասշտաբի են, ավելի լայն տարածք են ընդգրկում, այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։
Նրա խոսքով՝ Միջին Արևելքը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միշտ հայտնվել է համաշխարհային ուշադրության կենտրոնում:
«Մենք, իհարկե, կարող ենք մատնանշել բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք ունեն գլոբալ բնույթ, բայց դրանք այնքան ուշագրավ չեն, որքան միջինարևելյան զարգացումները։ Հիմնական խնդիրը, որն առկա է, կարելի է բաժանել մի քանի հարցերի։ Նախ՝ Թուրքիան՝ Էրդողանի գլխավորությամբ, ռուսական ուղղաթիռը խոցելու որոշումն արդյո՞ք միայնակ է կայացրել, թե՞ դա եղել է համաձայնեցված քաղաքականություն։ Եթե այո, ապա ո՞ւմ հետ, ո՞րն է այն շահը, որն Էրդողանն այսօր ուզում է գտնել Միջին Արևելքում, ի՞նչ է իրենից ներկայացնում նոր թուրքական քաղաքականությունը Միջին Արևելքում, և ո՞րն է լինելու արձագանքը։ Պատասխանները, իհարկե, տարբեր բնույթի են՝ կախված փորձագետների նախասիրություններից։
Որոշ դեպքերում ասում են, որ որոշումն ընդունվել է՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ դա կարող է բերել ռուսական լուրջ ռեակցիայի։ Մյուսն այն է, որ սա հաշվարկված քայլ է եղել, և այս հաշվարկված քայլի նպատակն է եղել ավելի խորացնել Արևմուտք-Ռուսաստան տարաձայնություններն ու Ռուսաստանին հասցնել ավելի խոր ճգնաժամի, մեծացնել պատժամիջոցների քանակը։ Այլ տարբերակ է նաև այն, որ Թուրքիան փորձում է պաշտպանել սեփական ինքնիշխանությունը, սեփական շահերը, այդ թվում՝ նաև ֆինանսական, կան վարկածներ նաև ընտանեկան բիզնեսի հետ կապված և այլն։ Թե դրանցից որն է ճիշտ, վախենամ, որ չկա միանշանակ պատասխան, այսինքն՝ ամեն պատասխանի մեջ կա ճշմարտության որոշակի էլեմենտ»,- նշեց պարոն Մարկարովը։
Քաղաքագետն ընդգծեց՝ Ռուսաստանի քաղաքականությունն անընդհատ փոխվում է՝ կախված երկրի շահերից։ Տվյալ պահին Ռուսաստանի գերական շահերից ու նպատակներից է թույլ չտալ իսլամական խմբավորումների տարածումը սեփական սահմանի մոտ։ Երկրորդը՝ օժանդակելով Ասադին՝ ցույց տալ նաև սեփական դիրքերը Միջին Արևելքում:
«Այս երկու խնդիրներին Ռուսաստանն անդրադառնում է այնպես, ինչպես կարողանում է։ Բնական է՝ դա դուր չի գալիս մնացած դերակատարներին, որոնք Միջին Արևելքը դիտարկում են որպես իրենց դաշտը, իրենց սեփական շահերի տարածք։ Հենց, օրինակ, Թուրքիան Սիրիան դիտարկում է որպես տարածք, որտեղ կարող է տարածել իր անմիջական ազդեցությունը։ Այդ առումով՝ շատ հետաքրքիր է դիտարկել Թուրքիայի ու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարաբերությունները։ Պարզ է՝ Թուրքիան հանդես է գալիս որպես հնարավոր հովանավորներից մեկը ԻՊ-ի համար, բայց պարտադիր չէ, որ դա լինի անմիջականորեն, ինչպես արվում է Քաթարի կողմից։ Բայց այն, որ Թուրքիան հանդես է գալիս որպես ռազմական գործընկեր, միանշանակ պարզ է»-ասաց քաղաքագետը:
Անդրադառնալով նաև լրագրողների հարցին՝ կապված ՌԴ Պետդումայում Հայոց ցեղասպանությունը քրեականացնող բանաձևի շրջանառության հետ, Ալեքսանդր Մարկարովն ասաց․ «Դուք, կարծում եմ, դեմ չեք լինի, եթե ևս մի երկիր իր օրենսգրքում ունենա Ցեղասպանության ժխտումը քրեականացնող հոդված։ Մի կողմից՝ դա բխում է Հայաստանի շահերից, համապատասխանում է Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններին։ Մյուս կողմից՝ ուշադրություն դարձրեք՝ ով է ներկայացրել նախաձեռնությունը։ Մենք հիշում ենք, որ ապրիլին Պուտինը եղել է այն մի քանի նախագահներից մեկը, ով այցելել է Ծիծեռնակաբերդ, այսինքն՝ Ռուսաստանի դիրքորոշումն այս խնդրի վերաբերյալ հայտնի է, բայց արդյո՞ք ամեն ինչ խորացվելու է։ Սա է հարցը։ Գործընթացը, որը սկսվել է՝ որպես նախաձեռնություն, կարող է չստանալ այն ավարտը, որը շատերը շահեկան են համարում հայկական կողմի համար․․․»: