2015 թվականը համեմատաբար հանգիստ տարի է եղել` ցնցումների առումով: Այս տարի աշխարհում 9 բալ ուժգնության 136 երկրաշարժ է գրանցվել, որը, նախորդ տարվա համեմատ, 17-ով ավելի քիչ է: Հայաստանում 2015-ին 186 երկրաշարժ է գրանցվել, որոնցից զգացել ենք ընդամենը 9-ը, և դրանք եղել են 3-5 բալ ուժգնության։ 17 երկրաշարժ էլ գրանցվել է ԼՂՀ-ում, այս մասին այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ Հրաչյա Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ քանի դեռ Հայաստանում շենքերի սեյսմակայունությունն այնքան էլ բարձր մակարդակի վրա չէ, ուստի երկրաշարժերի կանխատեսման խնդիրը մնում է հրատապ:
«Ընդհանուր առմամբ այս խնդիրը լիովին լուծված չէ: Չնայած մենք սեյսմիկ պաշտպանության ծառայությունում ունենք 152 սեյսմիկ կայան՝ այնուամենայնիվ, երկրաշարժերի կանխատեսումները երբեք հնարավոր չէ լիարժեք կատարել»,- ասաց նա:
Հրաչյա Պետրոսյանը նկատեց՝ եթե 1988թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժն այսօր լիներ, մարդկային և նյութական կորուստներն անհամեմատ ավելի քիչ կլինեին․ «Բացի այն, որ նոր կառուցված շենքերի սեյսմակայունությունը նախկին 7-8-ից հասել է 9 բալի՝ այժմ բնակչության տեղեկացվածության մակարդակն է ավելի բարձր, նրանք գիտեն՝ ինչպես վարվել երկրաշարժից առաջ ու հետո: 1988թ. մենք անպատրաստ էինք, իսկ այժմ կարող ենք խուսափել նման աղետից՝ շնորհիվ այն աշխատանքի, այն իրազեկող միջոցառումների, որ այսօր իրականացվում է դպրոցից սկսած: Հիմա մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի հաջորդ անգամ երկրաշարժն աղետի չվերածվի»։
Ասուլիսին ներկա էր նաև սեյսմիկ շինարարության մասնագետ Գուրգեն Նամալյանը, ով իր խոսքում նշեց՝ երբ ճապոնացի մասնագետները եկել էին Հայաստան, առաջարկում էին որոշ փոփոխությունների գնալ, որպեսզի մեր երկրում սեյսմակայունությունը բարձրանա:
«Օրինակ` առաջարկում էին բարձրահարկերը կառուցել մետաղական հիմնակմախքով, քանի որ այդպես բավական ճկուն կլինեն, և ֆինանսական առումով էլ՝ ավելի մատչելի: Բացի այդ` շենքերի միջհարկային ծածկերը հավաքային երկաթբետոնե պանելներով են արված, և դրա փոխարեն անհրաժեշտ է միաձույլ երկաթբետոնե ծածկեր տեղադրել»,- ասաց Նամալյանը:
Նա նաև ընդգծեց՝ նոր կառուցված շենքերն անհամեմատ ավելի սեյսմակայուն են, և դրանց սեյսմակայունության աստիճանը կարելի է բավարար գնահատել:
«Եթե Սովետական միության տարիներին շենքերի սեյսմակայունությունը պետք է լիներ 7-8 բալ, ապա հիմա 9 բալից ավելի պետք է լինի»,- հավելեց նա: